«Մարդիկ տրամաբանական չհամարեցին դատարանների ելքերն ու մուտքերը փակելու քայլը». Հոգեբան
Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի ուշ հանդես եկավ ելույթով, հետո դիմեց դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած քաղաքացիներին՝ խնդրելով ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:
«Իրազեկ քաղաքացիների միոավորումն» ավելի ուշ տվյալներ հրապարակեց, համաձայն որի՝ ժամը 10:00-ի դրությամբ վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են: Ցուցարարներից բացի՝ հավաքված են եղել մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա են եղել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:
«Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի»,- Ֆեյսբուքի իր էջում գրեց վարչապետը:
«Ոչ թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ընկել է, այլ մարդիկ տրամաբանական չհամարեցին դատարանների ելքերն ու մուտքերը փակելու քայլը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կապակցությամբ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Սա ակցիա էր, որի իմաստն այն էր, որ այս կազմով դուք չպետք է մտնեք դատարան: Օգտագործվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առիթը, որպեսզի ավելի ագրեսիվ, վիրահատական ճանապարհներով գնան այն քայլերին, որոնք ուզում էին: Դա անցումային արդարադատությունն է: Հետո, պետք է հաշվի առնենք այն, որ հետհեղափոխական շրջանում ընդհանրապես շատ դաժան է լինում, դաժան ձևերով են հակադիր ուժերին պատժում, իսկ մեզ մոտ իսկապես թավշյա է: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանն իրական վտանգ զգաց դատական համակարգից այն առումով, որ, ահա, դատական համակարգն այն նախկին ռեժիմի ապավեններից է, որոնց միջոցով հնարավոր է օրինականության անվան տակ մարդկանց ազատ արձակեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Անի Կարապետյան