Թուրք զինվորականները Ռուսաստանում ձեռնամուխ են եղել Ս-400 համակարգերի շահագործման ուսուցմանը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան զորակազմ է ուղարկել Ռուսաստան Ս-400 զենթահրթիռային համակարգերի շահագործման ուսուցում անցնելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր մասնագետներին ուղարկել ենք Ռուսաստան Ս-400 համակարգերի շահագործման ուսուցում անցնելու, ուսուցումն սկսվում է այսօրվանից եւ կշարունակվի մի քանի ամիս»,- նշել է ռազմական գերատեսչության ղեկավարը, որի խոսքը մեջբերել է Milliyet թերթը:
Մինչդեռ, ինչպես հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, ԱՄՆ-ը պահանջում է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնումից:
Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվայի հետ գործարքը Անկարան չեղյալ հայտարարի մինչեւ հունիսի առաջին շաբաթվա վերջը: Ս-400-ի փոխարեն Թուրքիան պետք է ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնի: Եթե Թուրքիայի իշխանությունները հրաժարվեն դա անել, երկիրն ստիպված կլինի դուրս գալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից:
Թուրքիան չի ստանա արդեն պատվիրված 100 ինքնաթիռները եւ կարող է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից: Պետդեպարտամենտում CNBC-ի աղբյուրը հավաստել է, որ դա ԱՄՆ-ի վերջնական պահանջն է:
Եթե Թուրքիան այն չկատարի, երկրին բացասական լուրջ հետեւանքներ են սպասում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է գնեն ռազմական տեխնիկա, որը համատեղելի է դաշինքի մյուս համակարգերի հետ, իսկ ռուսական Ս-400-ները չեն համապատասխանում այդ ստանդարտներին: