«Փաշինյանը կամ պետք է ցույց տա, որ ինքն ընդունակ է, կամ իր տեղը պետք է խոհեմաբար զիջի». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ նախորդ գրառումը վարչապետ Փաշինյանի կողմից նախաձեռնած, և արդեն փաստացի ձախողված հակասահմանադրական ակցիայի մասին, բնականաբար, մեծ արձագանք ստացավ։

Վարչապետ Փաշինյանի կողմնակիցները, որոնք ըստ ավանդության, սովորել են նրան դիտարկել որպես Փրկիչ, և կուրորեն հավատալ նրա ամեն խոսքին, երկու օր գրոհի տակ էին պահել իմ գրառումը, և փորձում էին ապացուցել, որ եթե դատավորները վատն են, ապա պետք է նրանց ստորացնել և դատարաններից ուժով դուրս շպրտել։

Միամտորեն մոռանում էին սակայն իրենց հարց տալ, թե ինչ է լինելու դրանից հետո, և ինչ վտանգների է ենթարկվելու երկիրը, մնալով առանց լեգիտիմ դատական իշխանության, և փաստացի առանց որևէ լեգիտիմ իշխանության, քանի որ բռնությամբ ցրելով դատական իշխանությունը, իշխանության մյուս երկու ճյուղերը ավտոմատ կդնեին իրենց օրենքից և իրավունքից դուրս, և դուռ կբացեինք քաոսի և անարխիայի համար։

Ես մարդկանց չեմ մեղադրում։ Այսօրվա դրությամբ, արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի աջակցությունը հասարակության մեջ առնվազն երկու անգամ նվազել է մեկ տարի առաջվա համեմատ, և նրան շարունակում են կուրորեն վստահել հիմնականում այն մարդիկ, որոնք համեստ կրթություն ունեն, և ընդունակ չեն քննադատաբար վերաբերվել նրա գործողություններին։

Նրանց մեծ մասի հետ քննարկումը ավարտվում է նրանով, որ իրենք էլ են խճճվում իրենց ասածի մեջ, և չեն կարողանում բացատրել, թե ինչու գործադիր և օրենսդիր իշխանությունը փաստացի լիակատար վերահսկող անձը կարիք ունի մարդկանց մղել հակաօրինական գործողությունների դատարանների նկատմամբ, եթե նույն այդ դատարանները կարելի է բարեփոխել Ազգային ժողովում նոր օրենսդրություն ընդունելով, և նաև եղած օրենսդրության խելամիտ կիրառելով։

Հաճախ չեն կարողանում նաև ընկալել, որ ի դեմս Փաշինյանի, իրենք ընտրել են վարչապետ, ոչ թե դիկտատոր, որը կանգնած է ցանկացած օրենքից վեր, և կարող է կամայական ուժային գործողությունների գնալ մի երկրում, որից ամբողջ աշխարհը հիմա օրինակելի ժողովրդավարական զարգացումներ է սպասում։

Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, սակայն մեղադրում եմ Փաշինյանին և իր անմիջական շրջապատին։ Ընտրություններում անվերապահ հաղթանակից հետո տառացիորեն հինգ ամսվա ընթացքում նրանք այն աստիճան են վատնել հանրային աջակցության ռեսուրսը, այն քանակությամբ անիմաստ քայլեր են իրականացրել համարյա բոլոր ուղղություններով, որ հայտնվել են տառացիորեն քաղաքական վակուումի մեջ, կորցրել են հնարավոր բոլոր քաղաքական դաշնակիցներին, և ստիպված են գնալ հիմա այսպիսի արկածախնդրությունների ՝ փորձելով արհեստական կերպով նոր ատելության թիրախներ ստեղծել, և դրա շուրջ մոբիլիզացնել հանրային աջակցությունը։

Այսօր դրանք դատարաններն են և Արցախի ղեկավարությունը (որը մեկ տարի առաջ աջակցել է Փաշինյանին), վաղը կլինեն բանկերը, որոնց ժողովրդի մեծ մասը «փող է պարտք», մյուս օր կլինի բանակը, որի սպաները «ճնշում» են ժողովրդի երեխաներին, հետո բիզնեսները, որոնք «քամում» եմ մեր երկրի ռեսուրսները, հետո համալսարանները, որոնք «վատ են կրթում» են մեր երեխաներին, և այդպես շարունակ, մինչև քարը քարի վրա չմնա, քանդվի ցանկացած կազմակերպված կառույց, մնա Փաշինյանը, և փողոցներում մոլեգնող իր մի քանի հազար կողմնակիցները, իսկ մնացածները սկսեն լուռ ու մունջ հեռանալ երկրից։

Եթե կարծում եք, որ դա չափազանցություն է և հնարավոր չի, պետք չի հեռու գնալ՝ այդպես է եղել Չինաստանում Մաո Ցզեդունի ժամանակ, Կամբոջայում՝ Պոլ Պոտի, մեր օրերում Վենեսուելայում տառացիորեն նույնն է կատարվում, թեև այն Հայաստանից հարուստ երկիր էր դեռևս տաս տարի առաջ։

Եթե չենք ցանկանում այդ անմխիթար հեռանկարին արժանանանք, արդյունքում էլ կորցնենք Արցախը, ու դառնանք նորից օտար ուժերի վասսալ, պետք է կանգ հիմա առնենք, ու վերջ տանք պերմանենտ հեղափոխությանը։ Երկիրը հսկայական բարեփոխումների կարիք ունի, ամեն ոլորտում, որպեսզի կարողանանք պոկվել անցյալի ճահճից, արագ զարգանանք և առաջ անցնենք սկզբից մեր հարևաններից, իսկ հետո էլ հասնենք առաջավոր երկրների մակարդակին։

Բայց բարեփոխումները տքնաջան աշխատանք են պահանջում, ամեն օր, քարի քարին դնելով, շուրջը եղած աղբը մաքրելով, կրթվելով և կրթելով, նոր գաղափարներ հղանալով և դրանք կյանքի կոչելով, և ի վերջո մարդկանց ոգևորելով դրական գործերի շուրջ։

Փաշինյանը կամ պետք է ցույց տա, որ ինքն ընդունակ է առաջնորդել ժողովրդին դեպի արարում և ստեղծագործական վերելք, կամ իր տեղը խոհեմաբար զիջի նրանց, ովքեր պատրաստ են երկիրը առաջ տանել, և թույլ չտալ երբևիցե անցյալի վերադարձը։ Մինչ այդ, հույս ունեմ, որ բոլորս կխաղաղվենք ու կվերադառնանք երկխոսության, և միասին կփորձենք խելամիտ լուծումներ գտնել մեր առաջ կանգնած խնդիրների համար»։

Իմ նախորդ գրառումը վարչապետ Փաշինյանի կողմից նախաձեռնած, և արդեն փաստացի ձախողված հակասահմանադրական ակցիայի մասին,…

Gepostet von Avetik Chalabyan am Dienstag, 21. Mai 2019

Տեսանյութեր

Լրահոս