«Այստեղ որևէ մեկը կարծում է, որ Խորենացին, Մաշտոցը, Լուսավորիչը Սուրբ չե՞ն». «Սուրբ» բառը կռիվ է գցել ավագանու նիստում
Այսօր Երևանի ավագանու նիստում մերժվեց «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանի՝ Երևանի Մոսվես Խորենացի փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ նախագիծը։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերը նշեցին, որ անթույլատրելի է, որպեսզի ավագանու անդամը սեփական նախընտրությամբ որոշի այս կամ այն փողոցն անվանափոխել, ուստի նախագիծը մերժեցին։
«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հանդես գալով արտահերթ ելույթով՝ նշեց, որ բոլոր այդ քննարկումներն իր մոտ դեժավյու են առաջացնում։
«Այն ժամանակ հանրապետականներին բացատրում էինք, որ ընկերներ, օրենքով սահմանված ավագանու պարտավորություններից մեկը նաև փողոցների անվանակոչությունն է, եթե որևէ մեկը սելեկտիվ է մոտենում իր պարտավորություններին, դա իր իրավունքն է։ Մենք մեր պարտավորություններին մոտենում ենք ամբողջապես և համարում ենք, որ ավագանու կողմից փողոց անվանակոչելը նաև մեր իրավունքն է»,- նշեց Դ. Խաժակյանը։
Այնուհետև դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզեբելլա Աբգարյանին, որը նշել էր, թե արդյո՞ք փողոցի անվանակոչության հետ կապված հանրային քննարկում իրականացրել են, ասաց, որ նրանք կարող են նախագիծ բերել, հատկապես, եթե այնպիսի կարծիքի են, որ Հայոց ցեղասպանության սրբադասման հետ կապված՝ ավագանին անելիք ունի։
«Դուք բերեք, մենք գնահատել ենք այս առաջնահերթությունը և քայլն այսպես ենք արել։ Ձեր բոլոր հակափաստարկների մեջ մեկ բովանդակային հակափաստարկ չկար։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Ձեր բերած բոլոր նախագծերին, կառչում եք այնպիսի բաներից, որոնք որևէ տրամաբանություն չունեն»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանին նույնպես զայրացրել էր քննարկումը, նա նշեց, թե չի հասկանում՝ ընդհանրապես ի՞նչ են քննարկում։
«Եթե կարող եք ունենալ ազնվություն Ձեր մեջ, այդ նախադասությունները, որոնք տակից ու վրայից ասում եք, ազնվորեն ասեք, որ այստեղ «սուրբ» բառը կա, դրա համար է կռիվը, անկեղծորեն Ձեզ կհասկանամ։ Ի՞նչն է խնդիրը, այստեղ որևէ մեկը կարծում է, որ Խորենացին, Մաշտոցը, Լուսավորիչը սուրբ չէ՞։ Ասեք՝ իմանանք, որ այսպես եք կարծում, մենք էլ կասենք՝ դե, դա Ձեր դիրքորոշումն է։ Ի՞նչն է Ձեզ տանջում, եթե այդ փողոցն անվանակոչվի Սուրբ Խորենացի»,- նշեց Հռիփսիմե Առաքելյանը։
Զվարթ Խաչատրյան