«Չի կարելի անընդհատ հեղափոխությամբ զբաղվել, դա արդեն նորմալ չէ»․ Սկակով

«Հայ-ռուսական հարաբերությունները դեռ նորմալ մակարդակի վրա են, լուրջ մարտահրավերներ չեմ տեսնում»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ դատարանի վճռի համաձայն՝ փոխվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսվում է հայկական հեղափոխության երկրորդ փուլը՝ կոչ անելով քաղաքացիներին փակել ՀՀ բոլոր դատարանների մուտքերը։ Ավելի ուշ ՀՀ վարչապետը հանդես եկավ դատական համակարգում փոփոխություններ կատարելու ծրագրային ելույթով՝ նշելով, որ դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։ Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան։

Ալեքսանդր Սկակովի գնահատմամբ՝ լավ է, երբ հեղափոխությունն ունենում է հստակ ավարտ, քանի որ հեշտ է երկրի համար, երբ այն ավարտվում է, և սկսվում է նորմալ աշխատանքը։ Ըստ նրա, այն, որ Փաշինյանին չհաջողվեց փոխել ուժային կառուցները, դատական համակարգը, դա փաստ է, այն, որ ներկայումս նա փորձելու է հնարավորինս շտկել այդ խնդիրը, ևս ակնհայտ է, և վերջին բոլոր հայտարարությունները այդ ցանկության մասին են փաստում։

Ռուս քաղաքագետի համոզմամբ՝ հեղափոխական գործընթացները մի օր պետք է ավարտվեն, չի կարելի անընդհատ հեղափոխությամբ զբաղվել, դա արդեն նորմալ չէ։

«Հասարակությունը ևս հոգնում է այդ շարունակական հեղափոխական զարգացումներից ու գաղափարներից։ Հեղափոխությունը ծառայեց իր նպատակին՝ իշխանություն փոխվեց, դա պետք է ավարտել և նորմալ աշխատանք սկսել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այս զարգացումների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված Մոսկվայի դիրքորոշմանը՝ Սկակովն ասաց, որ Ռուսաստանը չի միջամտում և հետևողի դերում է։

«Մոսկվան ընդհանրապես սկզբունքային դիրքորոշում ունի այն հարցի վերաբերյալ, որ նախկին նախագահները չպետք է հետապնդվեն։ Հիշեք Ղրղըզստանի Ակաևին, սա է Ռուսաստանի համար ընդունելի պրակտիկան հետսովետական տարածքում։ Այսինքն՝ նախկին նախագահները չպետք է ենթակվեն հետապնդման, եթե նույնիսկ դրա համար հիմք կա»,- ասաց Սկակովը։

Նրա խոսքով, սակայն, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները դեռ նորմալ մակարդակի վրա են, լուրջ մարտահրավերներ դեռ չի տեսնում։

«Կան ուժեր, որոնք սեպ են խրելու այդ հարաբերությունների մեջ, և այդ ուժերը Հայաստանից շատ հեռու չեն, ունեն ազդեցության լուրջ լծակներ՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում, ինչպիսին Ղազախստանում և Բելառուսում։ Ուստի մարտահրավերներ եղել են, լինելու են։ Բայց, ինչպես երևում է, հաջողվում է դրանցից դուրս գալ քիչ կորուստներով»,- ասաց Սկակովը։

Տեսանյութեր

Լրահոս