Ողջունում ենք ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը. «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար
Նախօրեին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում հանդիպել է բնակիչների հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Հարությունյանը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմում զոհված վաղուհասցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և նահատակների գերեզմաններին:
Հանդիպմանը Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր էլ մեր բոլորիս համար շարունակում է օրակարագային մնալ միասնական, ամուր բանակ ունենալը:
«Շատ կարևոր է համատեղ ուժերով շարունակել զարգացնել մեր երկիրը, ամրացնել սահմանը, ուժեղացնել բանակը: Այդ ամենը պետք է իրականացնենք ՀՀ-ի հետ համատեղ ուժերով: Մեր ապագան լինելու է երաշխավորված, եթե Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ունենան զարգացող տնտեսություն: Իսկ դրա համար պետք է ունենալ ֆինանսավորման բավարար ռեսուրսներ՝ բանակի, սպառազինության ուղղությամբ: Մեր երկրի Սահմանադրության առաջին կետում գրված է, որ ԱՀ-ն ինքնիշխան իրավական և սոցիալական երկիր է: Սոցիալական երկիր ունենալու համար կան մի շարք խնդիրներ, ամենակարևորներից է առողջապահական համակարգը, որը մատչելի չէ և խնդիր է ցանկացած ընտանիքի համար: Մեր առաջիկա ծրագրում նախատեսում ենք, պետական ապահովագրական համակարգ ներդնելով, քաղաքացու համար առողջապահությունը դարձնել անվճար ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում և, անհրաժեշտության դեպքում, արտերկրում»- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրի խնդրահարույց և կարևոր հարցերից է բնակարանային ապահովումը: Լայնածավալ բնակարանաշինություն պետք է լինի ոչ միայն Ստեփանակերտ քաղաքում, այլև Արցախի ողջ տարածքում: Բնակարանաշինությունը մատչելի պետք է դառնա բոլորի համար՝ անկախ աշխատավարձային քաղաքականությունից:
«Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր երկիրը: Մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է: Մինչև այսօր ՀՀ գրեթե բոլոր ղեկավարները հայտարարել են, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է: Ողջունում ենք ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը և համարում, որ համատեղ ուժերով պետք է հզորացնենք մեր բանակը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Հանդիպմանը Ա. Հարությունյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի: