Օրհնված խաչեր կբաժանվեն վարորդներին
Մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:
Երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ նախաձեռնության մասնակիցները առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում (Ռ. Իսրայելյան 21) կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
«Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարին՝ խաչին նվիրված տոների առթիվ: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին