ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը մտել է Օմանի ծոց
Իրանի ափեր ուղարկված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում է Abraham Lincoln («Աբրահամ Լինկոլն») ատոմային ավիակիրը, մայիսի 15-ին մտել է Օմանի ծոց: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրազեկ աղբյուրներ:
Ներկայում ամերիկյան նավախումբը գտնվում է Իրանից հարավ-արեւելք ընկած շրջանում՝ Օմանի Սուլթանության մերձակայքում: Արդեն մայիսի 16-ին կամ 17-ին այն կարող է մտնել Պարսից ծոց:
Ավիակիր հարվածային խմբի կազմի մեջ, բացի ատոմային ավիակրից, մտնում են տախտակամածային օդուժի ավիաստորաբաժանումը, Leyte Gulf հրթիռային հածանավը, Bainbridge, Mason եւ Nitze էսկադրային ականակիրները: Բացի այդ, նրա կազմում կարող են լինել մեկ-երկու հարվածային ատոմային սուզանավեր՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով:
Պարսից ծոց հարվածային ավիախումբ ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը կապված է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ աճող լարվածության հետ: