Բաժիններ՝

«Իրականում ես ու կինս շատ տարբեր ենք և մարդկանց հմայքը հենց այդ տարբերությունների մեջ է». Մարկ Գրիգորյան

1958 թվականի մայիսի 3-ին պապի կառուցած Մարգարյան ծննդատանը ծնվեց նրա թոռը՝ կրտսեր Մարկ Գրիգորյանը: Զուլալ, ջինջ, գուցե փոքր-ինչ կրքոտ մանկության նկարագիրն իր մեջ պահպանող այս մարդու կյանքի հետաքրքիր դրվագների, գեղեցիկ հիշողությունների, կյանքի հանդեպ ունեցած պատկերացումների մասին զրուցել ենք նրա հետ:

Մանկությանս հիշարժան դրվագները

-Իմ մանկության վառ դրվագներից, որոնք, ի դեպ, մեծ ազդեցություն են թողել իմ ձևավորման և կայացման վրա, հիշում եմ տատիս հետ անցկացրած ամառային հանգստյան օրերս Դիլիջանին հարակից վայրում: Տատիկս գյուղատնտես էր. նա զբաղվում էր տարբեր բույսերի բուժմամբ և մշակմամբ: Իմիջայլոց, տատիկս իր աշխատանքային գործունեության վերջին 5 տարին նվիրել էր ծիրանենիների բուժմանը: Նա նպատակ էր դրել գտնել ժամանակից շուտ չորանալու պատճառները և վերացնել դրանք: Նա հասավ իր նպատակին. մենք հիմա ծիրանենիների առատության համար պիտի շնորհակալ լինենք տատիկիս:

Երբ ես 7-8 տարեկան էի տատիս այդ ժամանակ զբաղվում էր ծխախոտի բուժմամբ: Դիլիջանի հարակից տարածքում նա ուներ մի փոքրիկ փորձադաշտ, որտեղ խաղող էին տնկում՝ ջերմոցից բերված: Այնուհետև լուռ հետևում էին, թե այդ հիվանդությունները ինչպես են զարգանում և փորձում էին բուժել դրանք: Այդ ամբողջ ընթացքում ես ծխախոտի դաշտերում խաղում էի, կողքի անտառներում թափառում էի, մեծանալով և ինտեգրվելով գյուղական կյանքին, և վայելում ազատ լինելուս բերկրանքը:

Դպրոցական տարիներս

-7 տարեկան էի. պետք էր դպրոց հաճախել: Քանի որ պապիկս ու տատիկս ապրում էին Տերյան 62 հասցեում, ապա շատ բնական էր, որ ես պիտի գնայի Պուշկինի անվան դպրոց: Այդ տարիներին սահմանափակումներ կային երեխաների համար, բայց քանի որ պապիկս հայտնի մարդ էր, կարողացավ այնպես անել, որ ինձ թույլ տային սովորել հենց այդ դպրոցում, բայց…: Հուլիս ամսին մեզ հյուր եկավ հորաքրոջս ամուսինը՝ հայտնի նկարիչ Սարգիս Մուրադյանը, ով, իմանալով այդ լուրը, սաստիկ նախատեց ծնողներիս նման որոշման համար. «Ինչպե՞ս կարող էիք Մարկ Գրիգորյանի թոռանը տանել ռուսական դպրոց: Դա անընդունելի է, այն էլ 65 թվին»: Սարգիս Մուրադյանը Հայոց ցեղասպանության 50 ամյակի շարժման ղեկավարներից էր 1965 թվականին: Փաստ էր, որ նա կարողացավ համոզել ծնողներիս ինձ տանել հայկական դպրոց: Այն հայերենը, որն այն ժամանակ ես գիտեի արևմտահայերենն էր: Այգեձորում մեր հարևանները հայրենադարձներ էին և արևմտահայերեն էին խոսում, ուստի ես իրենցից եմ սովորել հայերեն, քանի որ իմ ընտանիքում միշտ խոսել են ռուսերեն: Դպրոց հաճախելուս առաջիկա մեկ շաբաթը ես զարմացած էի և մինչ օրս էլ այդ զարմանքն ինձ չի լքել, որովհետև շուրջս բոլորը խոսում էին հայերեն, բայց դա իմ հայերենը չէր (ծիծաղում է): Ես միշտ լսել եմ, թե ինչպես են արևմտահայերը բողոքում մեր հայերենների տարբերություններից: Ու ես հասկանում եմ, որ նրանք իրավացի են, որովհետև ես ինքս եղել եմ նման իրավիճակում:

Պատանեկական տարիքիս վառ հիշողություններից է նաև պապիկիս և տատիկիս խաղաթուղթ խաղալը: Իրենք խաղում էին կանաստա կոչվող խաղը, որի ձևն ու կանոնները միայն իրենց և Սարյանների ընտանիքին են հայտնի: Մինչ օրս էլ ես սիրով հյուրընկալվում եմ Սարյանների տուն՝ կանաստա խաղալու:

Խորհուրդներ, որ ստացել եմ

-Ես մեծանում էի ոչ թե խորհուրդներ ստանալով՝ այլ սպունգի պես կլանում էի այն ամենն, ինչ տեսնում, լսում և կարդում էի: Ես վաղ տարիքից սիրել եմ ընթերցել և այնպես չէ, որ ինչ-որ մեկը եկավ ու տվեց ինձ խորհուրդ, ամենևին: Կյանքիս այս կամ այն դրվագները, որոնք հարուստ էին խորհուրդներով մեծապես ազդեցին ինձ վրա: Այդ շարքից պետք է նշեմ Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր պատմությունը:

Պապիկս, տատիկս և Մարինա Ալեքսանդրովնան շատ մտերիմ ու լավ ընկերներ էին. տասնամյակների ընկերություն էր: Նա ազատ ելումուտ ուներ մեր տանը. միշտ սպասված հյուր էր: Մի օր եկավ ու տեսավ, որ ես կարդում եմ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության պատմության դասագիրքը. ուսանողներին հանձնարարված էր այն՝ որպես պարտադիր գրականություն: Նայեց դասագրքին ու ասաց.«Էն բեղավորը կա՞ էստեղ»: Ես միանգամից գլխի ընկա, որ խոսքը Ստալինի մասին է և սկսեցի պատմել գրքի բովանդակությունից որոշակի դրվագներ: Ավարտեցի, և նա սկսեց իր պատմությունն այն մասին, թե ինչպես է նա շուրջ 15 տարի բանտարկության մեջ եղել Սիբիրում՝ Ստալինի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Ես ամեն բան մոռացա և ուշիուշով հետևում էի այդ պատմությանը, որ բաց չթողնեմ ոչ մի մանրամասն: Այդ ամենն ինձ վրա թողեց հսկայական ազդեցություն:

Հայտնի մարդկանց միջավայրում մեծանալու մասին

-Երբ փոքր ես չես գիտակցում, որ նման միջավայրում ես մեծանում: Չես գիտակցում, որ Գևորգ ձյաձյան հայտնի ճարտարապետ Գևորգ Քոչարն է: Չես գիտակցում, որ քո մասին փոքր ժամանակ հոգ է տարել Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրը: Չես գիտակցում, որ պապիկիդ հետ նարդի խաղացող Պարույր ձյաձյան նույն ինքը Պարույր Սևակն է: Այդ ամենը գիտակցելի է դառնում այն ժամանակ, երբ արդեն հասուն տարիքում ես լինում:

Լրագրող դառնալուս որոշումը

-1993 թվականի ամռանը ինձ մոտ եկավ հայրս և ասաց.«Իրականացել է իմ կյանքի երազանքը»: Ես ի պատասխան շնորհավորեցի նրան.«Ինչ լավ է, դու ընդամենը 65 տարեկան ես և արդեն իրականացել է քո կյանքի երազանքը»: Զգում էի, որ հայրս ամեն կերպ զրույցն այնպես էր տանում, որ ես հարցնեմ, թե ի՞նչ երազանքի մասին է խոսքը: Ես ինձ բնորոշ խորամանկությամբ շրջանցում էի այդ հարցը և հոգու հետ բավականին երկար խաղալուց հետո, վերջապես հարցրի և հայրս պատմեց.«Ինձ առաջարկել են թերթի խմբագրի պաշտոն, տղես, բայց ես այն կընդունեմ, եթե դու էլ լինես փոխխմբագիր, հակառակ դեպքում իմացիր, որ քար ես գցել հորդ ամբողջ կյանքի երազանքի վրա»:

Եվ, չնայած ես արդեն ունեի աշխատանք. դասավանդում էի ռուսաց լեզու Պուշկինի անվան դպրոցում, այնուամենայնիվ ընդունեցի հորս առաջարկը: Չանցած մեկ տարի՝ հայրս ծանր ինֆարկտ տարավ, և ստիպված էի թերթի ամբողջ աշխատանքներն ինձ վրա վերցնել: Շուրջ մեկ տարի թերթով զբաղվելուց հետո ես հասկացա, որ այլևս չեմ ցանկանում այստեղ աշխատել: Աշխատանքի անցա Լոս Անջելեսում հրատարակվող AIM ամսագրի խմբագրություն՝ որպես երևանյան թղթակից:

Կինս

-Սիրահարվել էի ինձնից փոքր աղջկա և հասկացել, որ այնպես ուժեղ եմ սիրահարվել, որ առանց նրա չեմ կարող ապրել: Ավարտեցի համալսարանը և ամուսնացա:

Դժվար կլինի ասել, թե բնավորության ի՞նչ գծերով է նա ինձ նմանվել, բայց վստահ կարող եմ ասել, որ որոշակի հատկանիշներով նմանվել եմ նրան. դարձել եմ լուռ և համբերատար: Իրականում ես ու կինս շատ տարբեր ենք և մարդկանց հմայքը հենց այդ տարբերությունների մեջ է:

Սիրելի եկեղեցի

-Կա մի եկեղեցի, որը շատ եմ սիրում և հաճախ եմ լինում: Երբ այցելում եմ Արցախ, լինում եմ նաև Շուշիում, որ այցելեմ Կանաչ ժամ կոչվող փոքրիկ եկեղեցին, որտեղ նաև կատարվել է իմ մկրտությունը: Իմ լավ բարեկամ Պարգև Սրբազանին խնդրեցի, որ ինձ մկրտի և նա ինձ չմերժեց, ինչի համար շատ երջանիկ եմ:

Աստվածաշունչ ընթերցելիս

-Ես միշտ ինձ համար մտապահում և կրկնում եմ Մատթեոսի ավետարանը: Փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում սիրիր թշնամուդ: Ինչու՞ ես պետք է սիրեմ իմ թշնամուն: Փորձում եմ հասկանալ, թե ինչու՞ ես պետք է մյուս այտս է դեմ տամ, եթե ապտակում են մեկին: Սրանք այն հարցերն են, որոնց ես պարբերաբար վերադառնում եմ: Կախված տարիքից, վայրից, իրավիճակից ինձ համար փորձում եմ գտնել տարբեր պատասխաններ գուցեև դրանք ամենևին էլ տարբեր չեն:

Խորհուրդներ, որ տալիս եմ

-Երեխաներիս ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ իրենք անտրտունջ աշխատեն: Երբեք չծուլանան, որովհետև այս կյանքում առանց աշխատանքի ոչնչի հասնել չենք կարող: Ուսանողներիս խորհուրդ եմ տալիս, որ անընդհատ ընթերցեն: Կարդան ոչ թե օրվա լրահոսն ու քաղաքական բամբասանքները, այլ տուրք տան գեղարվեստական գրքերին, որովհետև լրագրողը պիտի կիրթ լինի: Գրքերը լավագույն ձևով կրթում են մարդկանց:

Ապագա անելիքներս

-Ունեմ կիսով չափ պատրաստ մի գիրք, որը պատմելու է իմ լրագրողական գործունեության մասին.20 տարվա պատմություն է ամփոփված գրքում:

Զուգահեռ աշխատում եմ երկու նախագծի վրա: Առաջինը էսսեների շարք է, որը կոչվում է «Իմ Ղարաբաղը»: Հույս ունեմ, որ այն լույս կտեսնի աշնանը: Երկրորդ առավել գլոբալ ու մեծ նախագիծը Երևանի մասին է: Եթե բարեհաջող անցնեն աշխատանքները, ապա ինձնից կպահանջվի մոտ մեկ տարի, որ այն գրեմ ու հրատարակեմ: Հույս ունեմ, որ այս երկու նախագծերն էլ կյանքի կկոչեմ:

Լիլիանա Օսիպյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս