Բաժիններ՝

«Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է». Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

«Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը: Օրն է հավաստումի, որ աշխարհի ժողովուրդներին խաղաղություն բերած մեր պապերի արժանավոր ժառանգներն ենք:

Օրն է վստահության, որ արժանի ենք ինքնիշխան պետության և ապագայի մեր տեսլականին, քանզի մարտի դաշտում, մեր հազարավոր եղբայրների արյամբ հաստատեցինք այդ իրավունքը, հաստատեցինք մեր ողջ ժողովրդի սխրանքով ու ջանքով, համայն հայության աներեր հավատով, որ պատրաստ ենք անձնազոհության և հաստատակամ ենք հաղթանակի ճանապարհին:

Եվ այսօր էլ Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմաններին կանգնած, մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդի խաղաղությունը, մեր երեխաների ապագան պաշտպանողներն էլ նույնն են հաստատում՝ մենք ժառանգել ենք սխրանքի և հաղթելու կամք և այդ ժառանգությունը ամեն օր փոխանցում ենք գալիք սերունդներին:

Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և Խաղաղության օրվա առթիվ:
Շնորհավորում եմ ռազմադաշտերում կերտված մեր մեծ Եռատոնի առթիվ:
Շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին:

Շնորհավորում եմ այսօր էլ երկրի սահմաններին մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերին:
Խոնարհվում եմ հաղթանակի և անկախության մարտերում զոհված մեր զինակիցների անմար հիշատակի առաջ:

Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս և մաղթում բարի ծառայություն խաղաղության խրամատներում ու հավատարմություն մեր հաղթանակների հերոսական հիշողությանը:

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս