ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահին՝ Մայիսի 9-ի առթիվ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ:
Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը ֆաշիզմից և ազատություն պարգևեցին միլիոնավոր մարդկանց:
Մեր հայրերին ու պապերին դեպի հաղթանակ առաջնորդած հայրենասիրությունը, անձնազոհությունը և պարտքի զգացումն այն արժեքներն են, որոնք առ այսօր միավորում են մեզ՝ ամուր հիմք ստեղծելով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության համար:
Հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: