«Տոնական այս օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով». Բակո Սահակյանի ուղերձը

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ:

Տոնական այս օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ, պանծալի Եռատոն, որը միավորում է մեր ժողովրդի բոլոր սերունդներին, միավորում է համայն հայությանը աշխարհի տարբեր երկրներում:

Մայիսի 9-ին մենք անսահման հպարտության ու երախտագիտության զգացումով տոնում ենք Մեծ Հայրենականում մեր պապերի եւ հայրերի տարած փառավոր հաղթանակը: Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը եւ սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս:

Աչքի առաջ ունենալով նրանց հերոսական օրինակը՝ մենք, առանց վարանելու, 1992-ին Մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին զենք վերցրինք եւ մեկ մարդու պես կանգնեցինք հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեզ պարտադրված պատերազմի պայմաններում ստեղծեցինք պաշտպանության բանակ, ազատագրեցինք հայոց բերդաքաղաք Շուշին: Դա հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակն էր:

Այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը:
Թանկագի՛ն բարեկամներ,

Մայիսյան այս տոնական օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ ու բերկրանքով, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով: Մենք հիշում եւ փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Թող նրանք անմահանան հայրենիքում ծնվող ամեն մի մանկան, ամեն մի շենացող բնակավայրի, ամեն մի օջախում վառվող կրակի հետ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հերոսական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նոր հաղթանակներ»:

Տեսանյութեր

Լրահոս