Աներձագի բացառիկ շնորհավորանքը

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

«Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»,- ասված էր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում։

Այսօր hraparak.am-ի լրագրողն Արցախի երկու նախագահների դիմում-նամակի մասին կարծիք է հարցրել ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից՝ Նիկոլ Փաշինյանի աներձագից։ Նախ՝ նա ասում է, որ նոր է իմանում այդ մասին, ու չգիտի՝ ինչպես մեկնաբանել․ «Ո՞նց մեկնաբանեմ, դիմել են, դիմել են»։

Ի պատասխան լրագրողի՝ «Այսինքն՝ ի՞նչն է խնդիրը, որ Քոչարյանի հարցով բանը հասել է մինչև Արցախի նախկին ու ներկա նախագահներին», ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր, նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը շատ ուշագրավ պատասխան է տալիս.

«Խնդիր չկա, ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը, իրանց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար դիմել են, հա՞, երևի։ Չգիտեմ, կամ էլ երևի իրենց ընկերն ա։ Էդ ա միակ բանը, էլի»։

Պարզվում է՝ նոր իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետի աներձագի համար Արցախն ուրիշների երկիրն է։ Այդ դեպքում, միգուցե իր փեսայից՝ ՀՀ վարչապետից ճշտի՝ ի՞նչ գործ ունի Արցախի հիմնահարցով բանակցություններում, կամ իր քրոջը՝ Աննա Հակոբյանին հարցնի՝ ի՞նչ գործ ունի նա Արցախյան պատերազմում զոհվածների մայրերի, հերոսների, խաղաղության քարոզների, ուղերձների հետ։

Ի դեպ, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի որդին էլ բոլորովին այլ երկրի՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի երկրի բանակում է ծառայում։

Մայիսի 9-ին ընդառաջ, երբ Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը, և որին, փաստորեն, մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, աներձագ-պատգամավորն ուրույն «շնորհավորանք» է հղում։

Այսօր շատերը նրա այս մտքի գոհարները կարդալով՝ կրկին հորդորում էին խոսելուց առաջ կամ մտածել, կամ լռել։ Իսկ ես կարծում եմ՝ սա ուրույն լյուստրացիա էր։ Բացահայտվեց, թե իրականում ինչպես են նրանք վերաբերվում Արցախին։

ՎԵՐՈՆԻԿԱ ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս