Բաժիններ՝

Նյու Յորքում կալանավորներին թույլատրել են անվճար հեռախոսազանգեր կատարել

Նյու Յորքը դարձել է ԱՄՆ-ի առաջին խոշոր քաղաքը, որտեղ կալանավորներին այսուհետեւ թույլատրված է բանտից երկրի սահմաններում զանգահարել անվճար: Այդ մասին ասված է մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի՝ մայիսի 1-ին հրապարակված հաղորդագրության մեջ: «Բանտարկության մեջ գտնվողները չափազանց երկար էին խոչընդոտների բախվում ամենաառօրեական իրավիճակներում»,-նշել է քաղաքագլուխը:

«Անվճար հեռախոսազանգերի օգնությամբ մենք վերացնում ենք այդ խոչընդոտներից մեկը եւ կալանքի տակ գտնվող մարդկանց ապահովում ենք փաստաբանների, ընտանիքների եւ աջակից այն կազմակերպությունների կապը պահպանելու հնարավորությունը, որոնք հանգուցային դեր են խաղում, որպեսզի պատիժը կրելուց հետո մարդիկ վերստին դառնան հասարակության լիարժեք անդամներ»,-պարզաբանել է դե Բլազիոն: Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, ավելի վաղ կալանավորներին թույլ էին տալիս անվճար զանգահարել միայն փաստաբաններին:

Մնացած զանգերի առաջին րոպեն բանտարկյալների վրա նստում էր 50 ցենտ, բոլոր հաջորդ րոպեները՝ յուրաքանչյուրը 5 ցենտ: Միջին հաշվով Նյու Յորքի բանտերի կալանավորները, որոնք 8 հազարից ավելի են, օրական ավելի քան 25 հազար հեռախոսազանգ են կատարում, ինչը տարեկան շուրջ 5,5 մլն դոլար է բերում մեգապոլիսի գանձարանին: Այժմ այդ ծախսերն իր վրա է վերցնում ուղղիչ հաստատությունների քաղաքային դեպարտամենտը:

Բանտարկյալներին թույլատրվում է անվճար զանգահարել ուր որ կամենան ամերիկյան բոլոր նահանգների, տիրույթների ու տարածքների սահմաններում: Բանտերից հեռախոսով նման խոսակցությունների ընդհանուր տեւողությունը սահմանափակված է 21 րոպեով յուրաքանչյուր երեք ժամը մեկ: Մեկ զանգը չի կարող տեւել 15 րոպեից ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս