Հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ. բացահայտվել է Երևանում կատարված սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝ մոտ 30 տարեկան, երկուսն էլ՝ դանակահարված վիճակում:
Շենգավիթ Բ/Կ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ եղբայրներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի շրջանի՝ թվով 4 կտրած-ծակած վերքերով, որոնցից երեքը՝ թափանցող կրծքային և որովայնի խոռոչներ: Վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կատարվել է վիրահատություն, սակայն վիրահատությունը դադարեցվել է սրտի կանգի պատճառով, և ժամը 05:15-ին գրանցվել է նրա կենսաբանական մահ:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ եղբայրներից մյուսի մոտ ախտորոշվել է «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածք, ձախակողմյան լարված պնևմոթորաքս»:
Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում քննվելու վերաբերյալ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ դեպքի վայրը, շարժառիթը, տուժածների ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են` ծնված 1988 և 1987 թվականներին:
Կատարված անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին: Վերջինս, սպանություն կատարելու և ծանր մարմնական վնասված պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ:
Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: