«Ինչպես երևում է՝ մենք սխալ ենք հասկացել վարչապետին». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր:
Պարզվել է՝ Նայյեմին անցանկալի անձ է, ընդ որում՝ Ռուսաստանի համար, ու այս խնդիրն առաջացել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների բազաների տվյալների սինխրոնիզացիայի հետևանքով: Իհարկե, Ուկրաինայի դեսպանատան միջամտության հետևանքով խնդիրն, ի վերջո, լուծվել է, ու փորձագետը մուտք է գործել մեր երկիր, սակայն տհաճ տպավորությունն ու նստվածքը մնացել են՝ արտացոլվելով Նայյեմի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նախկինում էլ են եղել Ռուսաստանի համար ոչ ցանկալի օտարերկրացիների մուտքն արգելելու դեպքեր. օրինակ՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ լեհ լրագրողներին թույլ չի տրվել մտնել Հայաստան: Սակայն մինչհեղափոխական Հայաստանում նման իրավիճակն արտառոց չէր. մեր երկրում հաստատված էր ռուսական վասալության ռեժիմ, ու ի վերջո՝ նվազագույնի էր հասցված Հայաստանի սուբյեկտությունը:
Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, թե իր կառավարության առաջնահերթություն է համարում Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, սակայն ինչպես երևում է՝ մենք սխալ ենք հասկացել վարչապետին, ու «ինքնիշխանությունն» առայժմ արտահայտվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քննադատում է ԱՄՆ-ի ու Եվրամիության հայաստանյան քաղաքականությունը: Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե թավշյա հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը՝ակնհայտ ռևերս անելով Մոսկվայի ուղղությամբ:
Այ, Փաշինյանի այս հայտարարությունը պետք է հասկանալ բառացի, որովհետև հայ-ռուսական հարաբերությունների որակն ու տրամաբանությունը մնացել են նույնը, ինչի պարագայում անիմաստ է խոսել հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի մասին առնվազն արտաքին քաղաքականության ոլորտում: Հատկապես միջազգային կազմակերպություններում բոլոր սկզբունքային քվեարկությունների ժամանակ Հայաստանը քվեարկում է այնպես, ինչպես թելադրում են ռուսական շահերը՝ հայտնվելով իզգոյ երկրների շարքում: Առհասարակ՝ անհնար է պատկերացնել հեղափոխական Հայաստանի ներկայությունը եվրասիական ավտորիտար կառույցներում:
Հեղափոխական Հայաստանը նույնիսկ չի կարողացել ազատվել Ռուսաստանի համար «անցանկալի քաղաքացիների» տխրահռչակ ցուցակը որպես «հալած յուղ» ընդունելու արատավոր պրակտիկայից:
Այս վիճակն ամոթալի, նվաստացուցիչ է, ու այս պարագայում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնիսկ կարող է մոռանալ ներդրումների ու տուրիզմի զարգացման մասին, որովհետև քաղաքակիրթ աշխարհն ամբողջացնող ժողովրդավարական երկրների շատ գործարարներ ու քաղաքացիներ «անցանկալի անձի» կարգավիճակ ունեն Ռուսաստանի համար՝ դե յուրե կամ դե ֆակտո:
Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որը շատ է սիրում Ռուսաստանին: Ռուսական ֆորպոստի կարգավիճակ ունեցող երկիրը չի կարող լուրջ ընկալվել միջազգային հանրության կողմից, այդպիսի երկիր չեն կարող գալ զարգացում ապահովող վարկեր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: