ԵՊՀ խորհուրդը հայտնվել է փակուղում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք` ո՞ւմ հասավ ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։ «Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»:
Թերանում եք, էլի։ «Չենք թերանում. պարոն Վարդանյանը գործուղման է, կգա` կանենք»,- ուսանողի ձայնով լուրջ-լուրջ պատասխանեց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ խորհրդի անդամ Հովհաննիսյանը:
Իսկ տեղյա՞կ եք` ե՞րբ է տեղի ունենալու ԵՊՀ խորհրդի նիստը, գրվեց՝ մայիսի 13-ին, կդրվի՞ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը։ «Ոչ, չգիտեմ, մեզ դեռ նամակ չեն ուղարկել, ինչ վերաբերում է ապագա նիստում հրաժարականի հարցի՝ օրակարգում լինել-չլինելուն, նույնպես տեղյակ չեմ»:
Փորձեցինք նիստի մասին տեղեկություն ստանալ ԵՊՀ խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանից, ով անջատեց հեռախոսը՝ լսելով, որ լրագրող է զանգողը:
Մեր տեղեկություններով` նա բավականին բարդ կացության մեջ է․ ինչպես խորհրդի այլ անդամներ` Հովիկ Մուսայելյանը, Ռալֆ Յիրիկյանը, նա կարծում է, որ չարժե կրկին քննարկել հրաժարականի հարցը, որովհետեւ Սիմոնյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս, եւ ապա` մեկ անգամ արդեն տապալվել է գործընթացը՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։
«Մյուս կողմից, Մուրադյանը լուրջ խնդիրներ ունի խորհրդի 25 տոկոսը կազմող ուսխորհրդի հետ, որը կրկին կտապալի նիստը, եթե դրված լինի հրաժարականի հարցը:
Հարցի նրբությունը նաեւ այն է, որ խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը, որը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին օգնականը, դեռ իր հավատարմությունը պահում է վերջինիս նկատմամբ եւ այժմ հայտնվել է երկու քարի արանքում»,- ասաց խորհրդի անդամ մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: