«Խդրանց եկեղեցին պատմական հուշարձան է և ենթակա է պահպանության». Հուշարձանագետը՝ փլուզված եկեղեցու մասին
Ապրիլի 21-ին ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ փլուզվել է Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Խդրանց եկեղեցին։ Գրառմանը կից նա հրապարակել էր նաև փլուզված եկեղեցու նկարը և նշել, որ եկեղեցին փլուզվել է ապրիլի 20-ի երեկոյան։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար, ճարտարապետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ Խդրանց եկեղեցին 19-րդ դարի ծխակական սովորական եկեղեցիներից է։
«Հարցն այն չէ, որ այդ եկեղեցին իրենից առանձնապես ճարտարապետական արժեք չի ներկայացնում, այն պատմական հուշարձան է և ենթակա է պահպանության։ Մեզանում նման վատթար վիճակում գտնվող շատ պատմական հուշարձաններ կան, եկեղեցիներից բացի։ Դրանք եթե ժամանակին ամրակայվեն, որն անհամեմատ փոքր ծախսեր է պահանջում, չենք ունենա այն վիճակը, ինչ ունենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարվա բյուջեով նախատեսված է մեկ կամ երկու հուշարձանի վերականգնում, դրանց համար բյուջեն շատ սուղ է։
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ՝ որևէ հուշարձան չվերականգնեին, քանի որ մեկ հուշարձան վերականգնելու փոխարեն՝ 10-15 հուշարձան կարող են ամրակայել, մինչև այդ շենքերին հերթ հասնի, որևէ մեկը կանգուն չի մնա»,- շեշտեց նա։
Ըստ նրա, նախկինից մնացած հուշարձանները ժողովրդի հիշողությունն է, ուստի պարտավոր են կանգուն պահել իր ստացած ժառանգությունը։
Զվարթ Խաչատրյան