«Գուցե սահմանում ինչ-որ կորելացիա լինի, բայց զորավարժությունների հետ պատճառահետևանքային կապ չեմ տեսնում». Ռազմական վերլուծաբան
Այսօր Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունները, որը կավարտվի մայիսի 5-ին։
168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանն անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ու Թուրքիան միասին անցկացնում են պլանային զորավարժություններ։
«Երկու տիպի զորավարժություններ են անցկացնում՝ օդային, որտեղ ներգրավվում են երկու երկրների ռազմաօդային ուժերը, և ցամաքային։ Վերջին անգամ նմանօրինակ զորավարժություն անցկացրել էին 2017 թվականի մայիսին։ Սա շատ ավելի փոքր ծավալի զորավարժություն է, քան այս տարվա մարտին Ադրբեջանի կողմից իրականացրած զորավարժությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այս զորավարժությունը, հայտարարված էր, որի երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև փոխգործակցության, շտաբների միջև աշխատանքների համաձայնեցման, համատեղ գործողությունների իրականացման նպատակ ունի։
Հարցին՝ զորավարժությունների արդյունքում հնարավո՞ր է սահմանային լարվածության աճ, Հայկ Խաչիկյանը պատասխանեց.
«Ապրիլի 30-ին Տավուշում պայմանագրային զինծառայող էր վիրավորվել, դրանից մեկ օր առաջ ադրբեջանական սահմանապահները կրակ էին բացել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածի վրա, բայց չեմ կարծում, որ այս զորավարժությունները պատճառահետևանքային կապ ունեն միմյանց հետ։ Սա վաղուց հայտարարված զորավարժություն է, բայցի այդ, մենք այստեղ տեսնում ենք տարբեր մակարդակի գործողություններ, ավելին՝ զորավարժություններն անցկացվում են Բաքվի խորը թիկունքում։ Գուցե սահմանում ինչ-որ կորելացիա լինի, բայց զորավարժությունների հետ պատճառահետևանքային կապ չեմ տեսնում»։
Զվարթ Խաչատրյան