Բաժիններ՝

«Հնարավոր է՝ մեկը մի բաժակ խմի, գիշերը վեր կենա, գնա անտառ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչի առաջ առել ենք». «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը՝ ահազանգի մասին

Ապրիլի 26-ին «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էին, որ «Դիլիջան» ազգային պարկում ծառագողերը ծառեր հատելու համար որդեգրել են նոր մոտեցում. վառում են ցանկացած փչակ կամ ներս ընկած ծառ և հետագայում որպես թափոն այն տանում են՝ այսպիսով խուսափելով պատասխանատվությունից:

«Շատերի վրա նույնիսկ կացինով իրենց նշանն են դնում, որ մյուս գողերը ձեռք չտան։ Այս մասին տեղյակ ենք պահել բազմաթիվ պաշտոնատար անձանց։ ՉՀԱՐԳԵԼԻ ծառագողեր, խոստանում ենք ձեզ, որ կանենք ամեն ինչ, որպեսզի այս  ծառերից և ոչ մի հատը ձեզ չհասնի։ Ազգային պարկի տնօրենը խոստացել է, որ դրանք կուղղվեն կարիքավոր ընտանիքներին ու դպրոցներին։

Իսկ շուտով ընդհանրապես ձեր ոտքը անտառից կկտրվի։ Շատ չի անցնի, և անտառ կմտնեն միայն այն մարդիկ, ում համար ծառը սեփական տունը տաքացնելու միջոց է, և ոչ թե՝ տասնյակներով կտրել-ծախելու ու փող աշխատելու աղբյուր։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի, և մենք էլ հանգիստ սրտերով կգնանք այստեղից։
Իսկ քանի դեռ այդ օրը չի եկել, քանի դեռ աղվեսները հավաբնում հերթապահություն են անում, քանի դեռ հավերը պակասում են, մենք այստեղ են՝ գիշեր թե ցերեկ։

Հիշեցնում ենք նաև, որ մեր աշխատակիցների տեսախցիկներն ու հեռախոսները օնլայն վիճակով, այսինքն՝ ուղիղ եթերով, ձայնագրում են ամեն վայրկյանը ինտերնետում։ Ինչը նշանակում է, որ, եթե հին սովորությունների համաձայն՝ տասը հոգով հարձակվեք մեկի վրա, վնասեք, խլեք կամ կոտրեք նկարահանող սարքը, ձեր անչափ գեղեցիկ դեմքն ու մեքենայի համարները, միևնույն է, մնալու են ինտերնետում և հասանելի են լինելու ոստիկանությանը։ Դե մենք էլ, իհարկե, ԱՆՊԱՅՄԱՆ հետևելու ենք, որպեսզի դուք անպատիժ չմնաք»,- գրել էին նախաձեռնության անդամները։

Սակայն 168.am-ի հետ զրույցում «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը հերքեց, որ անտառում նման բան է եղել։

«Գիտեինք, թե որս են անում, գնացինք, տեսանք՝ երեխեքն են անտառում՝ «խլյապուշկա» են գցում։ Ոչ մի վնաս չկա, մի բան իմացեք, որ ժողովուրդն արդեն ենթարկվել է։ Հանցագործությունը միշտ էլ կա, կարող է գիշերը գնան, 1-2 ծառի վնաս տան, բայց ամեն ինչ կառավարելի է, բնապահպաններն էլ մեզ շատ են օգնում, ապօրինությունների դեմ Ոստիկանության հետ ընդհանուր պայքարում ենք։ Ու իմացեք, որ մեր աշխատանքը շատ էլ արդյունավետ է։ Նախկին բարքերը, որ կային՝ բիզնես-բան էին անում, բոլորն այսօր արմատախիլ է արված։ Հնարավոր է, մեկը մի բաժակ խմի, գիշերը վեր կենա, գնա անտառ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչի առաջ առել ենք»,- ասաց Սուրեն Աղաջանյանը։

Նա նշեց, որ «Դիլիջան» ազգային պարկը բաց է բոլոր լրատվամիջոցների առջև, կարող են գնալ և տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ, ասում է՝ «լավ է մեկ անգամ տեսնեն, քան հազար անգամ լսեն»։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ 9 ամիս է՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն է, և այդ ընթացքում ոչ միայն այնտեղ, այլև ամբողջ հանրապետությունում շատ բաներ են փոխվել հեղափոխության շնորհիվ։

«Շատ բան պայմանավորված է և՛ ինձանով, և՛ հեղափոխությամբ։ Կոռուպցիա չկա, «կռիշավատ» չկա, այսօր այդ բաները չկան, չգիտե՞ք՝ այսօր որևէ մեկը չի կարող մեկին հովանավոր լինի։ Մարդկանց մեջ այսօր վախ կա, որ, եթե ծառ են կտրում, տակից ինչպե՞ս են դուրս գալու։ Մասսայական բիզնես-միզնեսը լրիվ վերացել է»,- եզրափակեց Ս. Աղաջանյանը։

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր մարդիկ հասկացել են, որ ծառեր կտրելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ «դրուժբայի» ձայնը մատնում է նրանց, բացի այդ, խնդիրներ են ունենում նաև ծառերի մնացորդների հետ։

«Հիմա ցանկացած ծառ, որը փչակ կամ փոս ունի, ծառագողերը վառում են։ Միայն այս տարի մենք բազմաթիվ նկարներ ենք հրապարակել։ Ազգային պարկի տնօրենի հետ էլ ենք խոսել, նա ասել է, որ նման բան կա, և դրա դեմ պետք է պայքարենք։ Ընդամենը երկու ամիս առաջ 100-ից ավելի ծառեր էին կտրվել, միաժամանակ դա այն տեղն էր, որն օրենքով պետք է լիներ թափուկ հավաքելու տեղ։ Քանի դեռ տեղի ժողովորդի մոտ կա նման մտածելակերպ, այս դեպքերը կլինեն։ Անտառապահների մեծ մասը նույն մարդիկ են, որոնք ժամանակին փող էին վերցնում, որ անտառից թույլ տան ծառեր տանեն, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ ծառագողություններ կան, ուղղակի հիմա կտրելուց անցել են ծառեր վառելուն։ Պետք է նաև արդարացիորեն նշեմ, որ նոր տնօրենի գալով՝ դեպի լավը բավականին բաներ է փոխվել Ազգային պարկում»,- շեշտեց Գ. Հովհաննիսյանը։

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվության բաժնի պատասխանատու Արմեն Վարդանյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է «Դիլիջան» ազգային պարկում, նախարարությունը տեղյակ է և հետևում է։

«Մենք քննություն անելու իրավունք չունենք, թե ով է նման բան անում, մենք դա փոխանցում ենք տեսչական մարմնին և Դատախազությանը, իրենք են քննություն անում։ Կան բազմաթիվ քրեական գործեր, դրանք բացահայտվում են։ Վերջին դեպքը նույնպես փոխանցվել է տեսչական մարմնին»,- եզրափակեց Ա. Վարդանյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս