«Կառուցվում է սննդի կետ. տարածքը սեփական է, աշխատանքները՝ օրինական». ՊՈԱԿ-ի պետը՝«Ամբերդ ամրոցի» տարածքի կառուցապատման մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել էր․
«Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին և «օբյեկտ» է կառուցում: …Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով ևս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել և որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։
Թեմայի հետքերով 168.am-ը խոսեց հենց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետ Մանուկ Մանուկյանի հետ, ով չժխտեց, որ այդ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։
«Տարածքը սեփական տարածք է, կատարվող աշխատանքները՝ օրինական։ Արգելոցի տարածքում չէ. տարածքից դուրս է։ Կառուցվում է սննդի կետ՝ զբոսաշրջության զարգացման նպատակով»,- տեղեկացրեց նա։
Մեր հարցին՝ թե ո՞վ է տվել սեփականության իրավունքը, ո՞ր մարզպետի օրոք, Մանուկյանը պատասխանեց. «Պետությունն է տվել՝ Աշոտ Սիմոնյանի օրոք»,- ապա հավելեց, որ սեփականատերն իր որդին է ՝ Սիրակ Մանուկյանը։
Տեղեկացնենք նաև, որ Մշակույթի արդեն նախկին նախարար Լիլիթ Մակունցը 2018 թվականի ամռանը տեղակալ Տիգրան Գալստյանի հետ եղել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում։ ՀՀ Մշակույթի նախարարություն ՊՄՊ ՊՈԱԿ-ի կայքէջում նշվում են նաև հանդիպման մանրամասները.
«Անդրադարձ է եղել նաև «Ամբերդ արգելոցի» ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը կխթանի զբոսաշրջիկների հոսքին, այցելուների քաղաքակիրթ սպասարկմանը: ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մ. Մանուկյանը ու «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ Ս. Մանուկյանը Լիլիթ Մակունցի ուշադրությունն են հրավիրել Ամբերդ հուշարձան տանող վատ ճանապարհի վրա»:
Զարուհի Դիլանյան