«Մաքսիմ Հակոբյանը չպե’տք է խառնվի»

Ինչպես հայտնի է՝ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում: Նախորդ ընտրություններում Ա. Աթայանին աջակցել էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ինչը, ըստ Կապանում շրջանառվող լուրերի՝ բավական մեծ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն Մ. Հակոբյանը չի աջակցելու Ա. Աթայանին:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ այլևս Մ. Հակոբյանը չի աջակցելու իրեն, Ա. Աթայանը պատասխանեց. «Փորձեմ անկեղծ պատասխանել այդ հարցին: Չորս տարի առաջ պարոն Հակոբյանը լուրջ ազդեցություն ունեցավ ընտրություններում, և նաև նրա օգնությամբ ես ընտրվեցի քաղաքապետ: Բայց չորս տարի առաջ քաղաքում դրված էր քաղաքապետին փոխելու հրատապ պահանջ: Դա տեսնում էին բոլորը՝ անկախ մարզպետի հետ հարաբերություններից: Կարծում եմ՝ այդ ժամանակ պարոն Հակոբյանը հանդես եկավ պատմական առաքելությամբ, որովհետև այն ժամանակ դժվար էր փոխել քաղաքապետին, որը նաև ՀՀԿ անդամ էր: Այսօր չկա քաղաքապետ փոխելու պահանջ, և պարոն Հակոբյանը չպե’տք է խառնվի այս իրավիճակին: Գիտեմ, որ այս ընտրություններին պարոն Հակոբյանը չեզոք է մնալու: Եվ դա, կարծում եմ, ճիշտ է, որովհետև ժողովուրդը կկարողանա ճիշտ կողմնորոշվել»:

Հարցին, թե խոսակցություններ կան, որ չորս տարի առաջ Ձեր թեկնածությունը պաշտպանելու համար Մ. Հակոբյանը բավական մեծ ֆինանսական «տուգանք»՝ շուրջ 100.000 դոլար է վճարել ՀՀԿ վերնախավին՝ ՀՀԿ անդամին չաջակցելու համար, Ա. Աթայանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե նման բան եղել է: Նախորդ անգամ իմ թեկնածությունն առաջադրեցի քաղաքացիական նախաձեռնությամբ: Մ. Հակոբյանը պաշտպանել է ոչ թե ՀՅԴ-ի անդամին, այլ իր քսան տարվա ընկերոջը: Այստեղ արտառոց որևէ բան չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է Ձեր դիտարկմանը, ապա կարող եմ նշել, որ նման բան չէր կարող լինել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս