Բաժիններ՝

Արթուր Վանեցյանը չպարզաբանեց` ինչ իրեր են հայտնաբերվել Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չպարզաբանեց, թե ինչ իրեր են հայտնաբերվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում:

Նա լրագրողներին հորդորեց այս հարցով դիմել Հատուկ քննչական ծառայությանը:

«ԱԱԾ աշխատակիցները Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել են որպես խուզարկության մասնակիցներ: Հայտնաբերվել են որոշակի իրեր, որոնց մասին պետք է դիմեք Հատուկ քննչական ծառայությանը»,- ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Միհրան Պողոսյանի առանձնատանը: 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս