«Գործարք չի եղել, գործարքի առաջարկ չի եղել». Ադյանի պաշտպանն արձագանքել է Սանասարյանի պաշտպանի ենթադրություններին

«Իրականությանը չի համապատասխանում. որևէ գործարք չի եղել, որևէ գործարքի առաջարկ չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի փաստաբան Դավիթ Մնացականայանն այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի այն ենթադրությանը, թե Ադյանը և մյուսները նախաքննական մարմնի հետ գործարքի մեջ են եղել։

168.am-ին գործի մասով մնացած հարցերի մանրամասները փաստաբան Մնացականյանը չփոխանցեց, տեղեկացնելով՝ «Սամվել Ադյանի պահանջն է, որ իր գործի հետ կապված ոչ մի բան չփոխանցվի ԶԼՄ-ներին»։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը շուրջ երկու ամիս կալանքի տակ գտնվելուց հետո օրերս ազատ էր արձակվել։

Հիշեցնենք նաև, որ Ինեսսա Պետրոսյանը մինչ այդ հարցազրույցներից մեկում նշել էր, որ Ադյանն ազատ կարձակվի։

Նա մասնավորապես նշել էր. «…Երբ որ մենք տեսնում ենք արդեն, որ նրանցից երկուսն արդեն կալանքից ազատված են, և ես վստահ եմ, որ կազատվի նաև Ադյանն առաջիկա օրերին, որովհետև այստեղ միանշանակ Ադյանը և մյուսները գործարքի մեջ են նախաքննական մարմնի հետ»։ Ապա 168.am-ի հետ զրույցում նկատել էր, որ իրենց կանխատեսումն իրականացավ։

ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Գործի շրջանակներում 2019 թվականի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս