«Երբ տեսնեմ ստուգումների անհրաժեշտություն, ԱԱԾ-ում կլինեն ստուգումներ». Նիկոլ Փաշինյան
«Պետական վերահսկողական ծառայությունից բացի, ԱԱԾ-ն նույնպես գործում է իմ ենթակայության տակ։ Երբ տեսնեմ ստուգումների անհրաժեշտություն, ԱԱԾ-ում կլինեն ստուգումներ։ Այս տարվա ընթացքում տեսնել եմ բազմաթիվ այլ անհրաժեշտություններ, բայց այնպես չէ, որ իմ տեսած բոլոր անհրաժեշտությունները կարողանում եմ միանգամից ապահովել, պետք չէ մոռանալ, որ ՊՎԾ-ն, ըստ էության, զրոյից ձևավորվող մարմին է և սրանից բխող հետևանքներով։ Որքանով տեղյակ եմ, ՊՎԾ-ն պետք է վարչապետի թույլտվությամբ և հանձնարարությամբ իրականացնի ստուգումներ»,- այսօր ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հարցին՝ ԱԱԾ-ում ստուգումների խնդիր տեսնո՞ւմ է, վարչապետը պատասխանեց՝ ԱԱԾ-ում,Կառավարությունում, կառավարության աշխատակազմում, բոլոր նախարարություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում խնդիր տեսնում է:
«Եթե լինեն կոռուպցիոն ռիսկեր, ԱԱԾ-ն պետք է բացահայտի, բա ԱԱԾ-ի գործն ի՞նչ է»,- շեշտեց նա։
Անդրադառնալով իր խոստումներին և «կարմիր գծերի» հետ կապված հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից տարբեր բաների է անդրադարձել և բոլորին հերթով անդրադառնալու է։
«Օրինակ, վարկերի մասին եմ խոսել, ասել եմ, որ քանի դեռ ՀՀ-ում չկա վստահելի կառավարություն, ապա դեմ եմ քվեարկելու բոլոր վարկային ծրագրերին, բայց այսօր կա կառավարություն, որը ստացել է ժողովրդի վստահության քվեն և կարող է վարկեր վերցնել։ Ճիշտ է անում, որ ժողովուրդն ավելին է ակնկալում, տեսեք՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանում 50 հազար աշխատատեղ ստվերից դուրս է բերվել և կամ ստեղծվել է։ Այսօր վստահ ենք, որ 40 մլրդ դրամով պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք, ուսուցիչների, զինվորների աշխատավարձը բարձրացնելու ենք, ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատավարձերը՝ նույնպես»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իր վարկանիշի նվազմանը կամ բարձրացմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցին անդրադարձել է և չի ուզում մտնել բանավեճի մեջ.
«Ժամանակ առ ժամանակ Երևանի փողոցում քայլում եմ, կարող եք գալ՝ տեսնել»։
Անդրադառնալով «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերի վրա կենտրոնացած լինելուն, Փաշինյանն ասաց. «Ես որևէ գործի վրա կենտրոնացած չեմ, գործերի վրա կենտրոնացած են քննչական մարմինները, և իմ խնդիրն է, որ նրանց ասեմ, որ ավելի կենտրոնացված լինեն, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործի վրա»
Զվարթ Խաչատրյան