«Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ չի առել, ինչպե՞ս կարող է կանգ առնել». Զոհրաբ Մնացականյան
«Դուք չգիտե՞ք, թե ինչպիսին է վերաբերմունքը ցանկացած հայի՝ կառավարությունում լինի, թե որտեղ լինի, այս ծանրագույն խնդրի վերաբերյալ: Վստահ եմ, որ ձեր ընտանիքներում ունեք անդամներ, որոնք վերապրել են այս ամենը, ես ունեմ։ Ինչպե՞ս կարող ենք մենք այս ամենին վերաբերել, ինչպե՞ս եք կարծում»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ այս հարցում ամենակարևորը վճռականությունն է՝ արդարությունը վերականգնելու համար։
Ըստ նրա, այսօր աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին։
«Ամենաբարդ հարցն է՝ ասել, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի ժխտողականությունը, դժվար է ասել, թե իշխանությունների համար որքանով է խոչընդոտ առերեսվել պատմության հետ։ Սա ամենամեծ խնդիրն է, եթե որևէ մեկը պատասխան ունի…
Սա նաև որպես պատգամ է, որ մենք որպես ժողովուրդ հաղթահարել ենք Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ չի առել, ինչպե՞ս կարող է կանգ առնել»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, արտգործնախարարը նկատեց՝ դժբախտաբար բոլորն էլ լսում են այն հայտարարությունները, որոնք գալիս են պաշտոնական Անկարայից, որոնք այդքան էլ հուսադրող չեն։
«Այս հարցում երբևէ չենք ասել, որ Ցեղասպանության ճանաչումը նախապայման է։ Ցեղասպանությունը կանխարգելելը դա միջազգային պարտավորություն է։ Դեկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել ցեղասպանությունների կանխարգելման երրորդ գլոբալ ֆորումը և Հայաստանի նախաձեռնությամբ էր, որ դեկտեմբերի 9-ը հռչակվեց, որպես ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Սա շարունակական գործընթաց է, որը երբևէ կանգ չի առնելու։ Ամեն անգամ, երբ մարդկությունը կանգ է առնում և ասում՝ այլևս երբեք, այդ «այլևս երբեքը» նորից կրկնվում է։ Մենք ցեղասպանության գինը գիտենք, մեր ժողովրդի 4-5 սերունդ արդեն այդ ցավը տանում է իր մեջ։ Եվ սա առաջ է բերում այն պատգամը, որ ժխտված ու մերժված արդարությունը չի կարող կորչել, որ անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,-հավալեց Զ. Մնացականյանը։
Զվարթ Խաչատրյան