«Վստահ եմ, որ մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել». Սամվել Բաբայան

«Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, մեզ պետք է իմանալ՝ ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել: Կա՞ որևիցե բան, որ բացահայտվել է այդ մասով, չկա՛: Ո՞վ է հրաման տվել, որ ժողովրդի վրա կրակեն, չի երևում: Հիա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ, ուզում եմ հասկանալ: Մինչև դա չլինի, ես մնացածը համարում եմ ձևական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով Մարտի 1-ի մասին։

Սամվել Բաբայանը նաև հավելեց. «Վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել, մնացածը դուք մտածեք: Եվ քննություն է գնում, թող բացահայտեն: Նոր նախագահ էր ընտրված, Սահմանադրական դատարանում քննվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը։ Այդտեղ Քոչարյանի շահը ո՞րն էր: Լավ, աջակցում էր Սերժ Սարգսյանին, բայց եթե նկատում եք, ամբողջ քննությունը որ գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել, բոլորը կառավարության շենքից են խոսում, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Վերցրե՛ք քննությունը, նայեք, մեկը չկա, որ ասի՝ Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին՝ այս հարցի շուրջ»:

Նա պնդում է, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը խոչընդոտել և չեն ցանկացել, որպեսզի «Մարտի 1»-ը բացահայտվի:

«Մարդիկ իրենց ղեկին նստած՝ ինչ-որ քայլեր են արել, իրենք իրենց դատելո՞ւ էին: Իհարկե, խոչընդոտել են, իհարկե, փամփուշտ են թաքցրել, ամեն ինչ էլ արել են, հիմա եկել է նոր իշխանություն՝ ասում է, որ պետք է բացահայտենք: Ընդունում եմ, բայց բացահայտելու համար Կառավարության շենք ով գնացել-եկել է՝ հավաքեք պադվալ, երեք օրում իրար վրա գրելու են»,- հավելեց Սամվել Բաբայանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս