Հայաստանը պետք է հարմարվի. էժան գազի դարաշրջանը մոտենում է ավարտին. eadaily.com
Ռուսական գազային հսկա «Գազպրոմի» 100-տոկոսանոց «դուստրը» համարվող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ցավոտ կրճատումներ են սպասվում։ Շուտով ընկերությունը, ուր աշխատում է թվով մոտ 6000 մարդ` 227 000 դրամ միջին աշխատավարձով, կկրճատի տեսուչների՝ 50, փականագործների՝ 30, և կենտրոնական ապարատի աշխատակիցների՝ 10 տոկոսին։
Այս մասին «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իր աղբյուրները։
Նրանց խոսքերով` այդպիսի միջոցներ ձեռնարկվում են այն բանի համար, որ անփոփոխ պահեն տարվա սկզբին հայ-վրացական սահմանի վրա գազի գնի 15 դոլար բարձրացումից հետո դրա գինն ազգաբնակչության համար։ Գազի գինը տարեսկզբին 150-ից 165 դոլար դառնալուց հետո այն դեռ չի փոխվել վերջնական սպառողի համար, և, ինչպես վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և փոփոխություն չի կրելու նաև առաջիկայում։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են ռուսական կողմի հետ շարունակվող բանակցությունների մասին` պնդելով, որ կապույտ վառելիքի արժեքի բարձրացումը պետք է փոխհատուցվի ընկերության միջոցների հաշվին։
Օրերս «Գազպրոմ Արմենիան» արդեն իսկ հայտարարել է սպասվելիք կրճատումների մասին։ Ռուսական գազային հսկայի հայկական «դուստրը» հանդիսանում է հանրապետության խոշորագույն գործատուներից մեկը։
Հատկանշական է, որ գազի վերջնական արժեքի մեջ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը ամենաբարձր կշիռը չունեն՝ ընդամենն 8%։ Անձնակազմի 5783 թվակազմը, համաձայն պաշտոնական տվյալների, որոշված է տեխնիկական նորմատիվներով։
«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում տեսուչներն ու փականագործներն արդեն իսկ կստանան աշխատանքից ազատվելու մասին ծանուցումը, ինչը բավականին տագնապալի ազդանշան է, քանի որ ընկերությունը կրճատում է ստորին օղակի աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքով ապահովում են երկրի գազատրանսպորտային համակարգի աշխատանքը։ Նրանց ազատումը կարող է անվտանգային խնդիրներ ստեղծել համակարգում ընդհանուր առմամբ»,- նշում է մեր աղբյուրը։
Օրերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիայում» սպասվող կրճատումներն այնքան էլ չեն անհանգստացնում կառավարությանը, քանի որ կրճատվում են այնպիսի աշխատատեղեր, որոնց անհրաժեշտությունը չկա, և իբր ի սկզբանե ստեղծված են եղել «քաղաքական նպատակներով»։
«Եկեք փորձենք պատասխանել հարցին՝ համարո՞ւմ ենք մենք արդյոք, որ Հայաստանում պետք է լինեն ընկերություններ, որոնց գործունեության համար կվճարեն երկրի քաղաքացիները, բայց միևնույն ժամանակ՝ դրանք արդյունավետ չեն լինի։ Դուք համաձա՞յն եք վճարել այն հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը պարզապես չկա»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ դրանով իսկ, փաստորեն, ակնարկելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու նախորդ իշխանությունների միջև քաղաքական դավադրության մասին՝ ընտրությունների ժամանակ ձայներ ապահովելու համար։
Փաշինյանի հայտարարությունն ընկերությունում դեռևս չեն մեկնաբանում, մինչդեռ «Վերելքի» աղբյուրները ենթադրում են, որ կառավարության ղեկավարին միգուցե մոլորության մեջ են գցել։
«Ընկերությունում, իհարկե, խնդիրներ կան՝ ծախսերի ու հաստիքների ուռճացման հետ կապված, բայց դա վերաբերում է ղեկավար օղակին ու թոփ-մենեջերներին՝ իրենց բարձր աշխատավարձերով։ Իսկ արդյունքում տուժում է ստորին օղակը։ Նրանք, ովքեր հսկայական աշխատավարձեր են ստացել կենտրոնական ապարատում՝ առանց ոչինչ անելու, շարունակում են աշխատել»,- նշում էին մեր զրուցակիցները։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ սկսած 2017թ., երբ Կարեն Կարապետյանի գլխավորած նախորդ կառավարության բանակցությունների արդյունքում որոշվեց իջեցնել ջերմոցային տնտեսությունների ու ազգաբնակչության որոշակի շերտերի համար գազի սակագները, «Գազպրոմ Արմենիան» աշխատում է վնասով։ Արդյունքում՝ ընկերությունը կորցրել է տասնյակ-միլիոնավոր դոլարներ, և դրա հետ կապված՝ իր միջոցների հաշվին չի կարող փոխհատուցել գազի գնի 15 դոլարանոց բարձրացումը։
««Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը, արժե, որ հիշի 2017թ. հունիսի 1-ը, երբ գազի գինը ենթարկվեց փոփոխության։ Այդ ժամանակ գազի գինը նվազեց ջերմոցային տնտեսությունների ու ազգաբնակչության որոշակի շերտերի համար։ Այն ժամանակ շատերը հարցնում էին, թե ինչի՞ հաշվին դա պետք է արվի, այն դեպքում, երբ ընկերությունը 2016թ.-ից աշխատում էր ոչ բարձր շահույթով։ Այն ժամանակ հայտարարվում էր, թե աճել են գազի սպառման ծավալները, և իբր դրա հաշվին իրենք պատրաստ են որոշակի ռիսկերի գնալ։ Եվ դեռ պետք է պարզել, թե արդյո՞ք արդարացված են եղել այդ հաշվարկները, և ի՞նչ վնաս է հասցվել»,- նշում է ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Ներկայումս Հայաստանի կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում գազի գնի վերջնական ձևավորման շուրջ։ Հանրապետության կառավարությունը ձգտում է «Գազպրոմի» հետ անցնել գազի գնի շուրջ համաձայնագրի հնգամյա ձևաչափի։ Ներկայումս ստորագրված է սոսկ ժամանակավոր արձանագրություն ևս մեկ տարով գազամատակարարումը երկարացնելու շուրջ։ Միևնույն ժամանակ՝ փորձագետները համարում են, որ Հայաստանը պետք է հարմարվի գազային ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր իրողություններին։
«Գազի գնի՝ 15 դոլարով վերջին բարձրացումը ցույց տվեց, որ Հայաստանի համար ռուսական գազի բացառիկ գնի դարաշրջանն ավարտվում է։ Իրավիճակն այժմ այլ է, և դրան պետք է սովորել»,- կարծում է էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը