Պակիստանում աճում է տեղատարափների հետևանքով զոհվածների թիվը
Պակիստանի Փենջաբի, Բելուջստանի, Հայբեր-Փահթունհվայի նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի, 135 մարդ վերքեր է ստացել: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առատ անձրեւների եւ ավազամրրիկի պատճառով Կարաչի քաղաքում ու դրա արվարձաններում զոհվել է 25 մարդ:
Վարչության տվյալներով՝ սաստիկ անձրեւների հետեւանքով վնասվածքներ է ստացել շուրջ 80 տուն: Ֆեյսալաբադ քաղաքում տարերքի հարվածից անջատվել է էլեկտրականությունը:
Օդերեւութաբանների տվյալներով՝ առավել շատ տեղումներ են գրանցվել Իսլամաբադում: Քաղաքում, ինչպես նաեւ Փենջաբի նահանգում պոռթկուն քամիով ուղեկցվող անձրեւները եւ փոշեմրրիկները կշարունակվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: