Բաժիններ՝

Առնվազն 174 մարդ է զոհվել Տրիպոլիում շարունակվող մարտերի ընթացքում. ԱՀԿ

Լիբիայում Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի ընթացքում զոհվել է 174 մարդ, ներառյալ 14 խաղաղ բնակիչ: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

«Տվյալները, որոնք մենք մինչ այժմ ստացել ենք բժշկական հաստատություններից, սրանք են՝ 174 մարդ զոհվել է, 756 մարդ վերքեր է ստացել: Զոհվածների թվում կան 14 խաղաղ բնակիչներ, իսկ վիրավորների թվում՝ 36»,-ասել է նա:

ԱՀԿ-ն կրկին հակամարտության կողմերին հորդորել է ձեռնպահ մնալ բժշկական հաստատություններին, բժիշկներին, շտապ օգնության մեքենաներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքին վնասներ հասցնելուց: Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար:

Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ: Նաեւ բանակի օդուժը հարված է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս