Գերմանիայում Volkswagen-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրել «դիզելգեյթ»-ի պատճառով
Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել «դիզելային սկանդալի» հինգ ֆիգուրանտների, այդ թվում՝ Volkswagen ընկերության նախկին ղեկավար Մարտին Վինտերքոռնին: Այդ մասին հաղորդվում է դատախազության մամուլի տեղեկագրում:
Ինչպես նշվում է հատարարության մեջ, սկանդալի հինգ մասնակիցների, որոնք ավելի վաղ Volkswagen-ում զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ, վերագրվում են «բազմաթիվ իրավախախտումներ», մասնավորապես, «կեղծարարության առանձնապես ծանր դեպքեր եւ անբարեխիղճ մրցակցության մասին օրենքի խախտում»:
Բացի այդ, մեղադրող կողմի վարկածի համաձայն, 2014 թվականին Volkswagen-ը թարմացրել էր ավտոմեքենաների ծրագրային ապահովումը, որը «պետք է նպաստեր փոխադրամիջոցների նորմալ շահագործման դեպքում արտանետումների բարձր ցուցանիշների իսկական պատճառը թաքցնելուն»:
Այդ մասին իմացել է կոնցեռնի նախկին ղեկավար Վինտերքոռնը, նշվում է մամուլի տեղեկագրում: Volkswagen կոնցեռնը 2015 թվականի աշնանը հայտնվել էր այսպես կոչված «դիզելային սկանդալի» կենտրոնում: Այն ժամանակ ԱՄՆ-ում ընկերությանը մեղադրել էին այն բանում, որ նա դիզելային ավտոմեքենաները հանդերձել է ծրագրային ապահովմամբ, որն իջեցնում էր արտանետումների իրական ցուցանիշները:
Միացյալ Նահանգների կառավարությունը կոնցեռնին պարտավորեցրել է հետ կանչել Volkswagen եւ Audi 482 հազար մարդատար ավտոմեքենաներ, որոնք երկրում վաճառվել են 2009-2015 թվականներին: 2017 թվականի ապրիլին Volkswagen-ը համաձայնության է եկել սպառողներից ավտոմեքենաների հետգնման եւ նրանց փոխհատուցում վճարելու շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: