«Հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին, կկատարվի». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից ակնկալում է, որ երկու կողմերը կփորձեն մոտեցնել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
«Հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին, կկատարվի: Իսկ այդ հանձնարարականը մեր օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալն ու դիրքորոշումները մոտեցնել փորձելն է»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանում տարօրինակ բան չկա:
«Որևէ տարօրինակ բան չկա, որովհետև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից է: Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի: Թե Ռուսաստանի ԱԳ նախարարի հովանու ներքո կարող են հանդիպել, թե Ֆրանսիայի, և թե Միացյալ Նահանգների»,- ասաց Փաշինյանը: