Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել. ձերբակալվածներից մեկը գյուղապետի թոռն է
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել, ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:
«Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցվել: Կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ձերբակալվածներից մեկը Զարթոնքի գյուղապետի թոռն է»,-տեղեկացրին կոմիտեից:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են բոլոր քննչական գործողությունները՝ միջադեպի մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով համայնքի դպրոցի տնօրենի հրաժարականը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել քեն հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով’ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 5 տուժածից 4-ը դուրս են գրվել Արմավիր բժշկական կենտրոնից, միայն մեկի վիճակն է գնահատվում կայուն ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։