«Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանին չի կարող տեսակցել տղաներից մեկը՝ Սեդրակ Քոչարյանը, և փոքր երեխան՝ թոռը». Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12:30-ին:

Այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ  դատական նիստը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Շուրջ 5 ժամ տևած դատական նիստի ավարտին 2-րդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, և այն կհրապարակվի վաղը՝ ժամը 12:30։

Այն հարցին, թե ելույթ ունեցե՞լ է արդյոք նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Հայկ Ալումյանն ասաց, որ՝ այո, նախագահը, շատ երկար, մանրամասն ելույթ է ունեցել, նկարագրել է իրադարձությունները, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված հանգամանքները, զարգացումները, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու պատճառները՝ հավելելով, որ այսօր դատարանում չի հնչել մի բան, որ նախկինում դատավարությունների ժամանակ չի ասվել, բայց այդ ամենը պետք էր ասել նաև տվյալ դեպքում այս գործը քննող դատարանին, որովհետև այս դատարանն այդ փաստարկները երբեք չէր լսել։

«Այս պրոցեսներում դատարանը սովորաբար լինում է լսողի կարգավիճակում։ Դատարանն ուշադիր բոլոր փաստարկները լսել է, կողմերից որոշ ճշտումներ է խնդրել, և ոչ ավելին»,- նշեց պաշտպանը։

Ինչ վերաբերում է տեսակցություններին, Հ. Ալումյանն ասաց, որ այս պահի դրությամբ 2-րդ նախագահին չի կարող տեսակցել տղաներից մեկը՝ Սեդրակ Քոչարյանը, և փոքր երեխան՝ թոռը։ Մնացած հարազատները կարողանում են տեսակցել։

Հայկ Ալումյանը ևս մեկ անգամ հերքեց մեղադրանքի կողմի այն պնդումը, թե 0038 հրամանով Երևանի նոր կայազոր է ստեղծվել՝ նշելով, որ այն մեկն է, ու եղել է միշտ, ու շեշտեց, որ դա տոտալ ապատեղեկատվության մի մասն էր։

Նա տեղեկացրեց նաև, որ մեղադրող կողմի բերած բողոքը նույն գործի քննության շրջանակներում է քննվել, և նույն որոշմամբ պետք է լուծվեն երկու կողմերի բողոքները։

Տեսանյութեր

Լրահոս