Բաժիններ՝

Դեսպան Տոլմաջյանն այցելել է Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ապրիլի 5-ին այցելել է Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (Institut National des Langues et Civilisations Orientales, INALCO), որտեղ հանդիպել է ինստիտուտի նորանշանակ նախագահ Ժան-Ֆրանսուա Հուշեի (Jean-François Huchet) հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արևելյան լեզուների դպրոցի հայկական ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տոլմաջյանը շնորհավորել է Ժան-Ֆրանսուա Հուշեին կրթական հաստատության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Կարևորելով հայկական ամբիոնի ավելի քան երկուհարյուրամյա գործունեությունը՝ դեսպանը նշել է, որ այն իրավամբ համարվում է Հայաստանից դուրս հայագիտական ուսումնասիրությունների ամենանշանակալի կենտրոններից մեկը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում գործող գիտական և կրթական հաստատությունների հետ առկա և ապագա համագործակցության հնարավոր ծրագրերը:

Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը հիմնադրվել է 1669թ-ին Ժան-Բատիստ Կոլբերի կողմից՝ որպես «Երիտասարդների համար լեզուների դպրոց»: Հայերենի առաջին դասերը Ֆրանսիայի արևելյան լեզուների դպրոցում պաշտոնապես մեկնարկել են 1799թ-ին: Հայագիտության ամբիոնը ստեղծվել է 1812թ-ին, որի առաջին ղեկավարն է եղել ականավոր լեզվաբան Հակոբ Շահան Ջրպետյանը (Jacques Chahan de Cirbied):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս