Ի՞նչ են խոսել Մնացականյանը և Պոպովը

Ինչպես տեղեկացրել էինք՝  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում. ինքնաթիռում նրան ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։

Մեր հրապարակման մեջ նաև գրել էինք, որ ենթադրվում է՝ Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հանդիպում՝ Վիեննայում մարտի 29-ին Ալիև-Փաշինյան կարևոր հանդիպման նախաշեմին։ Իսկ մինչ դա՝ նա հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի բովանդակության մասին դարձյալ հասարակությունը ոչինչ չիմացավ։ Փաստ է այն, որ նախարարը մեկօրյա այց է ունեցել Մոսկվա, որտեղից վերադարձել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան մեր հարցման, միայն ասել էր. «Զոհրաբ Մնացականյանը մարտի  22-ին բացակայել է Երևանից: Այս իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

Ինչո՞ւ է նախարարի այցը գաղտնի պահվել հանրությունից, քանի որ, եթե նախարարը գործուղման է, ապա նա գործուղման է մեկնել պետական բյուջեի հաշվին, հետևաբար՝ հարկատուներն իրավունք ունենք իմանալ, թե ո՞ւր և ի՞նչ նպատակով է մեկնել նախարարը։ Որոշ ԶԼՄ-ների հետ զրույցում նախարար Մնացականյանն անդրադարձել էր մեր հրապարակմանը:

«Մարտի 22-ին, այո, բացակայել եմ քաղաքից: Արտաքին գործերի նախարարն ունի գործառույթներ իրականացնելու իրավունք, բայց որևէ գաղտնապահության բան այստեղ չկա: Ենթադրել, որ կառավարության անդամը կարող է ինչ-որ սխալ  բաներ անել, աբսուրդ է: Ես ունեմ գործառույթներ` խորհրդակցելու, տանելու աշխատանքներ, նախապատրաստելու, և այդ գործառույթների իրականացումը լինում է և՛ հեռախոսով, և՛ Երևանում, և՛ անհրաժեշտության դեպքում՝ երկրից բացակայելու միջոցով, որպեսզի կարողանանք լավագույնս պատրաստել այն գործը, որի համար այս շաբաթ աշխատում էինք:

Ես իմ գործառույթն եմ իրականացնում, մնացած բոլոր բաները, բոլոր կոնսպիրացիոն թեորիաներն ուղղակի ժամանակի վատնում են նրանց համար, ովքեր դրանով զբաղվում են»,- ասել է նա՝ այդպես էլ չմանրամասնելով, թե մեկ օրվա ընթացքում ո՞ւր է մեկնել և որտեղի՞ց է վերադարձել Մոսկվա-Երևան չվերթով՝ մարտի 22-ի լույս 23-ի գիշերը, ում հետ է նա հանդիպել, ինչ նպատակով։  Նախարարը, այո, հաստատել էր մեր տեղեկությունը։

Մենք, այնուամենայնիվ, հրապարակավ կրկին հարց ուղղեցինք նախարարին. մարտի 22-ին որտե՞ղ է եղել, ի՞նչ հանդիպումների է մասնակցել, ո՞ւմ հետ և ի՞նչ օրակարգով, և ինչո՞ւ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, ինչո՞ւ է գաղտնի շղարշի տակ պահվում։

Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ նախարար Մնացականյանը մարտի 22-ին Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ Վիեննայում մոտ օրերս Փաշինյան-Ալիև բանակցություններից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով։ ԱԳՆ-ից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով.

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ՝ նախարար Մնացականյանը խորհրդակցություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շարունակվելու են նաև մարտի 28-ին»:

Ի դեպ, մենք այս կապակցությամբ նաև հարցեր էինք ուղղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

Վերջինս նախ զարմացել էր մեր հարցերից, որ ՀՀ ԱԳՆ-ի փոխարեն՝ իրենց ենք ուղղում մեր նախարարի հանդիպումներին վերաբերող հարցերը՝ կատակելով. «Ձեր Արտգործնախարարությունն արձակուրդո՞ւմ է»: Ապա պատասխանել էր, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպում չի եղել, նա մարտի 20-22-ը եղել է Ժնևում և Սան Մարինոյում։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հանդիպմանը, Մ. Զախարովան ասել է. «Համանախագահների հետ շփումը պարբերական ձևով պաշտպանվում է»։

Տեսանյութեր

Լրահոս