Կառավարությունը նախատեսում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել առանձին պալատներ
Կառավարությունը նախատեսում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող պալատներ:
Ինչպես տեղեկացնում է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, նախագիծը մշակել է Արդարադատության նախարարությունը:
«ՀՀ սահմանադրությամբ ամրագրվեց վարչական դատարանը որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ ապահովելու համար: Այդուհանդերձ, վարչական արդարադատության ոլորտում ապահովված չէ մասնագիտացված պալատի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտերի վերանայումը, քանի որ այդ լիազորությունը վերապահված է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին»,- նշված է նախագծում:
Համաձայն նախագծի` մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: «Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է: Հետևաբար, այդ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում»,- նշված է նախագծում:
Ըստ նախագծի` մասնագիտացման գործոնը վճռաբեկ դատարանում կարող է ունենալ երկու հիմնական դրսևորում, այն է՝ գործերի քննությունը մասնագիտացված առանձին միավորի կողմից, և երկրորդ՝ գործերի քննության կազմակերպումը վարչական արդարադատության առանձնահատկություններին համապատասխան:
«Մինչդեռ վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության կապակցությամբ մասնագիտացման գործոնի նշված երկու դրսևորումներն էլ որևէ կերպ արտահայտված չեն. մասնագիտացված վարչական դատարանի ակտերը չեն կարող վերանայվել մի դատարանի կողմից, որը չունի մասնագիտացված համապատասխան դատական կազմ, ինչպես նաև մասնագիտացված վարչական դատարանի ակտերը չեն կարող վերանայվել մի դատարանի կողմից, որը չունի մասնագիտացված համապատասխան դատական կազմ: Օրենսդրության մեջ վճռաբեկ դատարանի պալատների գոյության երաշխիքի ամրագրումը կիմաստավորվի միայն այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն ունենա լիարժեք, այն է՝ գործն, ըստ էության, քննող և լուծող մասնագիտացված համապատասխան պալատ: Մասնագիտացման գործոնը վճռաբեկ վարույթում բացակայելու արդյունքում վճռաբեկ դատարանում անձի իրավունքների պաշտպանության իրավունքը, հետևաբար նաև՝ վարչական արդարադատության ոլորտում անձի դատական պաշտպանության իրավունքն իր ամբողջության մեջ խաթարվում է և զրկվում արդյունավետությունից»,- նշված է նախագծում:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով: