«Սպայկան» 2 միլիարդ 45 միլիոն դրամը պետական բյուջե է վճարել
«Շահութահարկի մասով տվել ենք ուղղում: Պետության բյուջե գումար է վճարվել, և մենք տվել ենք մեր ուղղումը, 2,045,282,459 դրամն ամբողջությամբ վճարվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:
Հարցին՝ ինչո՞ւ էին թաքցրել այդ գումարը, Դավիթ Ղազարյանը պատասխանեց, թե չեն թաքցրել. «Տարին պետք է վերջանար, որ հաշվետվությունը ներկայացնեինք, պարզապես շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,- նշեց «Սպայկայի» տնօրենը:
Ինչ վերաբերում է լոլիկի շուկային՝ նկատեց.
«Այդ խնդիրը միշտ լինելու է մեր երկրում, քանի որ ՊԵԿ-ն ուսումնասիրելով շուկան՝ ասում է, թե չենք հավատում այն գներին, որով արտահանում եք: Իրականում շատ դեպքերում նույնիսկ տանում և ավելի էժան ենք վաճառում, քանի որ պարտավորություններ ունենք ֆերմերների նկատմամբ: Մեծ դաշտ է, ցանկացած պահի ՊԵԿ-ը կարող ակտ գրել, բայց մենք շահութահարկի մասով տվեցինք կարգավորումներ: Երկար տարիներ մեր ընկերությունում ստուգումներ չէին իրականացվել, մոտ 4 տարի: Ուզում ենք, որ ամեն տարի էլ մեզ մոտ ստուգումներ լինեն»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ:
Հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն:
Արտահանված լոլիկի քանակից առնվազն 44.912.368 կիլոգրամի իրացումն ընկերության պատասխանատու աշխատակիցները հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել:
Ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր ներկայացնելու հետևանքով, 2015-2017 թվականների համար հարկային տեսչություն ներկայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով, առնվազն 10,226,412,296 դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար շահութահարկի գծով պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2,045,282,459 դրամ գումար:
Անի Կարապետյան