BraVo մրցանակը շնորհվել է Շառլ Ազնավուրին
«Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը հետմահու շնորհվել է ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրին: Դափնեկիրների հայտարարման արարողությունը մարտի 21-ին տեղի է ունեցել Կրեմլի պետական պալատում, տեղեկացնում է ԱՍՍ-ը:
«Աշխարհը կորցրեց մեծ արտիստի, բայց նրա արվեստը շարունակում է ապրել եւ դեռ երկար ու երկար կլուսավորի ոչ մեկ սերունդ: Եվ այսօր «Համաշխարհային երաժշտական մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար» անվանակարգում BraVo միջազգային պրոֆեսիոնալ երաժշտական մրցանակը մենք շնորհում ենք Շառլ Ազնավուրին»,- հայտարարել է արարողությունը վարող Ֆիլիպ Կիրկորովը: Արձանիկը կհանձնվի երգչի ընտանիքին:
Ազնավուրի «Հավերժական սեր» երգը համերգի ժամանակ կատարել է Թամարա Գվերդծիթելին:
«Անկարելի է Շառլ Ազնավուրի մասին խոսել անցյալ ժամանակով: Դա համաշխարհային երաժշտության գանձարան է: Շնորհակալություն, մաեստրո, ձեր երաժշտության, երգերի համար, որոնք ավելի գեղեցիկ, ավելի երջանիկ դարձրեցին մեր աշխարհը»,- ասել է նա: