Բաժիններ՝

Լոնդոնն ավելի քան 1 տրլն եվրո է կորցնում Brexit-ի պատճառով ֆինանսական ինստիտուտների հեռանալուց. հետազոտություն

Բանկերը եւ ֆինանսական մյուս ինստիտուտները Մեծ Բրիտանիայից ավելի քան 1 տրլն եվրո ընդհանուր գումարի ակտիվներ եւ ֆոնդեր են դուրս բերում Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) նախաշեմին, որը պլանավորված է մարտի վերջին: Այդ մասին հայտնել է New Financial վերլուծական կենտրոնը:

Նրա տվյալների համաձայն, բանկերը, այդ թվում՝ ներդրումային, «դուրս են բերում 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 925 մլրդ եվրո), ակտիվների կառավարման ընկերությունները՝ ավելի քան 65 մլրդ ֆունտ ստեռլինգ (75 մլրդ եվրո) եւ ապահովագրական ընկերությունները տեղափոխում են 35 մլրդ ֆունտ (40,5 մլրդ եվրո)»: Միացյալ Թագավորությունից հեռանում է գրեթե 280 ֆինանսական կազմակերպություն, որոնց տեղափոխվելը կնստի ընդհանուր առմամբ ավելի քան 3,5 մլրդ եվրո, ասված է զեկույցում: Մոտավորապես 100 ֆինանսական ինստիտուտ ու ընկերություն աշխատելու վայր են ընտրել Դուբլինը, 60-ը տեղափոխվում են Լյուքսեմբուրգ, 41-ը՝ Փարիզ, 40-ը՝ Մայնի Ֆրանկֆուրտ եւ 32-ը՝ Ամստերդամ:

«Սրանք արդեն կանխատեսումներ չեն, այլ իրականություն,-նշում է New Financial-ի տնօրեն Ուիլյամ Ռայթը:-2016 թվականի հունիսին (ԵՄ-ին հետագա մասնակցության շուրջ) անցկացված հանրաքվեից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ պետք է պատրաստվել կոշտ Brexit-ի (առանց Բրյուսելի հետ համաձայնագրի)»: Այն ենթադրում է, որ բիզնեսը կշարունակի հեռանալ «Բրիտանական կղզիներից, եւ դա կնվազեցնի Միացյալ Թագավորության ազդեցությունը եվրոպական բանկային եւ ֆինանսական ոլորտում, կհանգեցնի հարկային մուտքերի եւ ԵՄ ֆինանսական ծառայությունների արտահանման կրճատման»:

Այդուհանդերձ, Լոնդոնը, ինչպես ընդգծում է Ռայթը, տեսանելի ապագայում կմնա գերիշխող ֆինանսական կենտրոն, թեեւ նրա ազդեցությունն աստիճանաբար կնվազի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս