Շոտլանդիայի ազգային կուսակցությունը տարածաշրջանի անկախության հանրաքվե է պլանավորում Brexit-ի դեպքում
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի ուղղում, որը թույլ կտա Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվե անցկացնել, եթե Միացյալ Թագավորությունը դուրս գա Եվրամիությունից: Այդ մասին հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել է Համայնքների պալատում շոտլանդացի ազգայնականների խմբակցության առաջնորդ Իեն Բլեքֆորդը:
Նրա խոսքով՝ այս շաբաթ ներկայացվելիք ուղղումը պահանջում է, որ բրիտանական խորհրդարանը ճանաչի այն փաստը, որ Շոտլանդիայի ժողովուրդը հանրաքվեում քվեարկել է ԵՄ-ում Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի պահպանման օգտին:
«Մենք նաեւ այս ուղղման շրջանակներում առաջարկում ենք այն բանի ճանաչում, որ եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, ապա Շոտլանդիայի բնակիչները պետք է հնարավորություն ունենան որոշելու իրենց ճակատագիրը, մասնավորապես, պետք է ունենան անկախության հանրաքվե անցկացնելու լիազորություններ»,-ասել է նա:
Բլեքֆորդը նշել է, որ իր կուսակցությունը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ «կասեցնի Brexit»-ը, քանի որ Շոտլանդիան չի ցանկանում ԵՄ-ից դուրս գալ հակառակ իր կամքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: