«Մեր մտածելակերպը չի կարող փոխվել նրանից, որ սահմանային կրակոցները ոչ թե օրական 3000 են, այլ՝ շաբաթական». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում այժմ ամենակարևոր խնդիրը բարեփոխությունների խնդիրն է, ուստի նա կոչով դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի մեծ ուշադրություն դարձնի բարեփոխությունների տեսլականի մանրուքներին։
«Մենք սովորել ենք ասելու՝ եկեք այս հարցերը միասնական քննարկենք, այնուհետև որոշենք, կցանկանայի, որ այդ քննարկումը չվերածվեր ամեն մեկն իր դիրքորոշումը հայտնելուն ու հեռանալուն, այլ փորձեն դիմացինին լսել, հիմնավորել ասածները և այնպես անեն, որ այդ բարեփոխումները դառնան բոլորինս։ Այլ պարագայում կրկին ունենալու ենք հին պատմությունը, երբ քննարկումները կլինեն հանուն քննարկումների»,- ասաց Թևան Պողոսյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա, ըստ Թևան Պողոսյանի, ամենակարևոր շեշտադրումն այն է, որ պետք է գիտակցել՝ պատերազմը չի ավարտվել, իսկ Ադրբեջանն ու իր վարած քաղաքականությունը նույնն է։ Ուստի այդ ամենը հաշվի առնելով, պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները։
«Այդ հարցը լուծվելու է իրական հողի վրա, ինչպես ասել էր Վազգեն Սարգսյանը՝ այս երկրի սահմանները գծվել են արյունով և պետք է պահվեն քրտինքով։ Այսինքն՝ այդ իրական հողի վրա մենք պետք է կարողանանք քրտինք թափել, որպեսզի կարողանանք պահել մեր սահմանները։ Մեր պատերազմը չի ավարտվել, և մեր մտածելակերպը չի կարող փոխվել նրանից, որ սահմանային կրակոցները ոչ թե օրական 3 հազար են, այլ՝ շաբաթական։ Պետք է գիտակցենք, թե մեր դիմաց կանգնածն ով է՝ նույն Ադրբեջանն է։ Ուրախ եմ, որ այսօրվա իշխանությունները ստանձնել են պարտականություններ, որոնք կատարում և շարունակում են կատարել, մենք ինքներս էլ պետք է գիտակցենք, որ այս հարցը ո՛չ շաբաթվա, ո՛չ էլ ամիսների հարց չէ, սա սերունդների խնդիր է, և այդ ճանապարհը պետք է երկար անցնենք»,- ասաց Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև առանց օրակարգի հանդիպմանը, որը պետք է կայանա մոտ ապագայում, Թևան Պողոսյանն ասաց՝ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպման ընթացքում բարձրացնելու է բոլոր խնդիրները, ասելու է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
«Հասկանալի է, գուցե Ալիևն իր խնդիրներն է պնդելու, հանդիպումը նորմալ է, թող գնան, այդ հարցերը քննարկեն, խոսեն, ամեն օր թող դա անեն, սակայն գլխավոր սա չէ: Մենք տեսել ենք հազարավոր հանդիպումներ՝ փաթեթային, փուլային, բայց լինելու է այն, ինչը մենք կարողանում ենք ապահովել քրտինքով՝ միասնական»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Զվարթ Խաչատրյան