Բաժիններ՝

ՀԱԱ կենտրոնի տնօրենը քաղցկեղը կանխարգելելու համար կոչ է անում քաղաքացիներին հաճախակի հետազոտվել, նույնիսկ գանգատ չունենալու դեպքում

Հայաստանում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղը, սակայն վերջին շրջանում ակտիվացել և երիտասարդացել է վահանաձև գեղձի քաղցկեղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Ներկայումս այս երկու հիվանդություններից հետ չի մնում և շատ ակտիվացել ու երիտասարդացել է նաև վահանաձև գեղձի քաղցկեղը, իսկ վահանաձև գեղձը ներզատական համակարգի բաղկացուցիչ մասն է: Ներզատական համակարգը մեր ամբողջ օրգանիզմն է ղեկավարում և դրա համար ցանկալի է, որ մարդիկ ուշադրություն դարձնեն նաև այս օրգանի աշխատանքին և անպայման անցնեն վահանաձև գեղձի քաղցկեղի սքրինինգային   ծրագիրը»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Հակոբյանը հայտնեց, որ 2019  թվականին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է  վահանաձև գեղձի  334 հետազոտություն և 162-ի դեպքում խնդիրներ են նկատվել:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը կոչ է անում մարդկանց անպայման ուշադիր լինել այս օրգանի հանդեպ:

«Քաղցկեղի բուժմանն ուղղված ամենակարևոր քայլը դա կանխարգելումն է, այդ իսկ պատճառով քաղաքացիներին հիշեցնում  ենք, որ նույնիսկ առանց գանգատի և առանց խնդրի պետք է  դիմեն բժշկի քաղցկեղը կանխարգելելու համար: Այդ ժամանակ մենք կարողանում ենք հիվանդությունը հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում, այսինքն` հետազոտելով օրգանը, մենք գտնում ենք քաղցկեղը, երբ դեռ այն չի ձևավորվել և ոչ մի վտանգ չի սպառնում մարդուն: Մարդիկ չեն կարող զգալ, որ իրենց մոտ հասունանում է այդ չարիքը:  Այս եղանակով մենք  9500 մարդու կյանք են կարողացել փրկել: Եթե մեր քաղաքացիները ավելի աչալուրջ լինեն, ուշադիր և իրենց առողջության նկատմամբ ավելի հետաքրքրված, մենք կկարողանանք ավելի շուտ այդ հիվանդությունները հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում»,- ընդգծեց Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս