«Կոչ կանեմ Գագիկ Ծառուկյանին՝ ձեռքերը հեռու քաշել Աբովյան քաղաքից և զբաղվել միայն բարեգործությամբ»
Արտերկրից, մասնավորապես՝ Բելգիայից նոր վերադարձած «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը (Պալաչ) այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իր երկու ընկերների կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքները կեղծ են:
«Մեկն իմ ընկերության տնօրենն է՝ Արթուր Դալլաքյանը, ով իմ վստահելի մարդն էր: Ցավում եմ, որ մի փոքր թուլամորթություն ցուցաբերեց և իր անցյալը մոռացավ: Մյուսն էլ էր իմ ընկերներից, ով կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել: Հայտարարել են, իբր ես կեղծ սնանկություն եմ տարել՝ պարտքերի 4 մլն դոլար վճարումից խուսափելու համար, և իբր թե անվճար ավտոբուսները դրա պատճառը չեն հանդիսացել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Հարությունյանը:
«Նախկինում երկու ավտոբուս է աշխատել, առավոտյան ուսանողներին ուրիշ երթուղով իջեցրել են Շրջանային, ապա մարդկանց տեղափոխելուց հետո մտել են վճարովի 261 երթուղի և աշխատել գումարով, իսկ ժամը 13:00-14:00-ի կողմ, երբ ուսանողների դասերն ավարտվում են, բերել են Աբովյան, այդքան բան: Ինչ վերաբերում է այդ երկու ավտոբուսին, ապա մեծ ցանկության դեպքում՝ միասին 100 հոգուց ավելի մարդ չեն կարող տեղափոխել, իսկ ես իմ անվճար երթուղով 650 ուսանող եմ տեղափոխել՝ բոլոր երթուղիների ցանցով՝ Չարենցավան-Երևան, Աբովյան-Երևան երթուղով»,- ասաց Արթուր Հարությունյանը։
Նա նշեց նաև, որ այսօր իր ձեռքի տակ գտնվող Ռուսաստան-Հայաստան երթուղու ավտոբուսները Գագիկ Ծառուկյանը կանգնեցրել և հանել է վաճառքի:
«Ինչ վերաբերում է անվճար ավտոբուսներին, ապա դրանք վճարովիների աշխատանքին չեն խանգարում: Այն ժամանակ ես Ծառուկյանին ասել եմ՝ երկու «Բոգդան», ոչ թե «Պազիկ» մեքենա ես դնեմ, վառելիքը ու վարորդների աշխատավարձը կտամ, թող քո անվան տակ լինի, թող ասեն, որ դու ես անում ժողովրդի համար, թող գնան-գան: Շահս այն էր լինելու, որ Ծառուկյանի հետ ես թշնամանալ չեմ ուզել, լավ հարաբերություններ եմ ցանկացել ստեղծել, դրա համար առաջարկել եմ»,- նշեց նա:
«Կեղծիքներ գրողներին էլ կասեմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, եկեք միասին աշխատենք, ծաղկեցնենք այս երկիրը: Թշնամությամբ տուն չեն կառուցում: Ես եկել եմ Գագիկ Ծառուկյանին և ՀՀ հնարավորություններ ունեցող հատվածին կոչ անելու, որ խորը դատենք ու լավ գործ անենք,- կոչ արեց Արթուր Հարությունյանը՝ հավելելով,- թավշյա հեղափոխությունն առայժմ Աբովյան քաղաք չի մտել, այնտեղ տիրում են նախկին բարքերը: Կոչ կանեմ Գագիկ Ծառուկյանին՝ ձեռքերը հեռու քաշել Աբովյան քաղաքից և զբաղվել միայն բարեգործությամբ: Այդ ժամանակ ես այս սնանկացած վիճակով կկանգնեմ իր կողքին»:
Արթուր Հարությունյանը հայտարարեց նաև, որ 2016-ին նախագահականից զանգել են իրեն` Վլադիմիր Հակոբյանին, և ասել, որ «Աբովյան» հեռուստաընկերությունը, որն իրեն է պատկանել, նվիրի Գագիկ Ծառուկյանին, իսկ նա չի կարողացել մերժել։ Ըստ Հարությունյանի՝ հիմա նախաքննություն է ընթանում, և ավարտից հետո իր ասածները կհաստատվեն, ամեն ինչ կպարզվի։
Անի Կարապետյան