«Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը. ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը` շարունակելու թե’ ֆինանսական, թե’ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ժան Կլոդ-Յունկերի խոսքով` ԵՄ-ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության և տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության համար և աջակցության պատրաստակամության համար: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից: Վարչապետն ընդգծել է` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները` օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը բարեփոխումների օրակարգի համատեքստում Հայաստանի առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս անկաշկանդ գործակցել եվրոպական կառույցների հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել գործընկերության խորացման հեռանկարները: Այս համատեքստում նախևառաջ կողմերն ընդգծել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա իրականացման ճանապարհային քարտեզի կարևորությունը, մտքեր փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձ են կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մտքեր փոխանակել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության շուրջ, որոնք հնարավորություն կտան մեր երկրում ընտրական գործընթացները համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափանիշներին:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և այդ առումով կարևորել գործարար ֆորում անցկացնելուն ուղղված քայլերի իրականացումը:

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ վիզաների ազատականացումը կնպաստի ոչ միայն պետությունների և կառավարությունների մակարդակով համագործակցության խորացմանը, այլև կխթանի մարդկային կապերի սերտացումը, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշմանը և ջանքերին: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:

Բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, ապա ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս