Ինչո՞ւ Կառավարությունը չի կատարել տված խոստումը. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բացատրություն են պահանջում
«Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք խնդրում են բացատրել, թե ինչո՞ւ չեն կատարել տված խոստումը, ու աջ ղեկերի հարցն ԱԺ-ում չի քննարկվել մարտի 5–ին:
«Պարզվում է ՝ Կառավարությունն օրենքի նախագիծը չի ուղարկել Ազգային ժողով ու դրա հետևանքով մեկ ամիս ավելի հարցը ձգձգվելու է: ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում ընդունեց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծմանը վերաբերող օրինագիծը, որի համաձայն՝ աջ ղեկով մեքենաներ կարող են ներմուծել մինչև մայիսի 1-ը։ Սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը:
Նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հարցրեց՝ եթե մարտի 5-ին քննարկվի օրենքի նախագիծն ԱԺ-ում, 20 օրում կհասցնե՞ն բերել, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ՝ ոչ: Դրա համար մեկ ամիս երկարաձգեցին՝ ապրիլի 1-ի փոխարեն՝ վերջնական ժամկետ նշելով մայիսի 1-ը: Սակայն մարտի 5-ին ԱԺ-ում քննարկում տեղի չունեցավ: Փաստորեն, մեզ մնում է 20 օր ժամանակ, ու էլի չենք հասցնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը:
Նրա փոխանցմամբ՝ ևս մեկ խնդիր կա. լրացել է վրացական սահմանում մեքենաները կայանելու 60-օրյա ժամկետը:
«Արդյունքում՝ ամեն օր 10.000 դրամի չափով տուգանք է գալիս: Հիմա մարդիկ ստիպված մեքենաները պետք է բերեն հայկական սահման, իսկ այստեղ արդեն տեղ չկա: Մեքենաների մեծ քանակի պատճառով հիմա էլ սահմանն է փակվելու՝ ասեն՝ «Ղեկը աջ» նախաձեռնությունը փակել է սահմանը»,- նշեց Դավիթ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իրենց հայտնել է, որ, եթե կառավարությունն այսօր նախագիծն ուղարկի ԱԺ, արտահերթ նիստ հրավիրվի, 3-5 օրվա ընթացքում հարցը հնարավոր կլինի լուծել:
«Պետք է հարցը լուծվի, պետությունն էլ, մենք էլ վնասներ ենք կրում: Մեզ համոզում են, որ հարցն ավելի ճիշտ կլինի լուծել մարտի 26-27-ին՝ ԱԺ հերթական քառօրյա նիստի ժամանակ, բայց մենք համաձայն չենք, ժամանակ չկա»,- նկատեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը:
Անի Կարապետյան