Վենեսուելան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների երկարաձգումը
Վենեսուելայի անձանց ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սահմանել է 2015 թվականին, ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությունը փորձում է արդարացնել հանրապետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը տապալելու փորձերը: Այդ մասին ասված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 5-ին:
«Վենեսուելայի բոլիվարյան կառավարությունը դատապարտում է Դոնալդ Թրամփի կառավարության վտանգավոր կեղծավորությունը եւ խնդրում է միջազգային հանրակցությանը՝ դատապարտել ԱՄՆ-ի անօրինական գործողություններն սքողելու այս նոր փորձը, որոնք ուղղված են Վենեսուելայի օրինական ու սահմանադրական կառավարությունը տապալելու հրահրմանը՝ երկրի հարստությունները հսկողության տակ առնելու միակ նպատակով»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն մարտի 5-ին կոչ է արել վենեսուելացիներին մարտի 9-ին մեծ երթի դուրս գալ իմպերիալիզմի դեմ:
Ավելի վաղ մարտի 9-ին հակակառավարական հանրահավաքներ անցկացնելու կոչով հանդես է եկել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին երկարացրել է մի շարք պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք ավելի վաղ անձանց ու կազմակերպությունների նկատմամբ սահմանվել էին Վենեսուելայի դրության մասին 2015 թվականի մարտի 8-ի հրամանագրի շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: