«Գաղտնի պատրաստվում է որոշակի փաստաթուղթ, որի մասին չպետք է իմանա հակառակորդը, ո՞վ է հակառակորդը, մե՞նք». Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով, եթե նույնիսկ ՊՈԱԿ-ները լուծարելու հետ կապված «սևագիրը» չընդունվի, և այդ խոսակցությունն ընդհանրապես փակվի, ապա դա չի նշանակում, որ խնդիրը դրանով լուծվում է, քանի որ այդ խնդիրն արդեն չի լուծվում մոտ 30 տարի։

Ըստ նրա, ոլորտում բարեփոխումներ տեղի չեն ունենում, իսկ պատճառն այն է, որ բյուջե չկա, պետությունը փող չի տալիս, դրանով հանդերձ՝ պետությունը չի ցանկանում բացել մշակույթի սնուցման աղբյուրները՝ մեկենասությունը և հովանավորչությունը։

«Այս երևույթն ընդունված է ամբողջ աշխարհում, չկա զարգացած երկիր, որտեղ մշակույթը հույսը դնի միայն պետական բյուջեի վրա։ Եթե բացվեն այդ աղբյուրները, հնարավոր է՝ առաջինը ես լինեմ, որ հրաժարվեն պետական մուծումներից։ Մեզանում հաճախակի է տեղի ունենում հասկացողությունների շփոթմունք, ասում են, թե՝ տեսեք, այսքան պետական թատրոն ունենք. իրականում մենք որևէ պետական թատրոն չունենք։ Պետական թատրոն նշանակում է՝ 100 տոկոսանոց պետական ֆինանսավորում, իսկ մեր թատրոնները պետական աջակցություն ստացողներ են»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Վկայակոչելով Մեծ Բրիտանիայի օրինակը՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ այնտեղ վիճակախաղը մենաշնորհ է, որտեղից ստացած ամբողջ հասույթն ուղղվում է մշակույթի զարգացմանը, տարբեր երկրներում, տարբեր միջոցներով աջակցություն է ցուցաբերվում մշակույթի զարգացմանը։

Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ այս հարցն առաջին հերթին՝ պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

«Երբ մենք խոսում ենք թատերական գործունեության զարգացման մասին, երբևիցե չպետք է սահմանափակվենք եղած թատրոններով, չէ՞ որ գործընթացն այն ժամանակ է առաջանում, երբ ստեղծվում է նոր թատերական բեմ, հնարավորություններ են ստանում արտահայտվել նոր ձևերով, սակայն մեր այսօրվա համակարգն այդ ճանապարհը փակել է»,- շեշտեց Ռուբեն Բաբայանը։

Նա նաև ընդգծեց, որ Կառավարությունում գտնվող փաստաթղթի հետ կապված մի բան է իրեն  հուզել՝ ձևը, որով փաստաթուղթը հայտնվեց «ջրի երեսին»։

«Գաղտնի պատրաստվում է որոշակի փաստաթուղթ, որի մասին չպետք է իմանա հակառակորդը, ո՞վ է հակառակորդը, մե՞նք»,- նշեց Ռուբեն Բաբայանը։
Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ էր արդյունավետ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ հանդիպումը, որը կայացել էր մարտի 4-ին, և ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել ՊՈԱԿ-ների լուծարման հետ կապված, Ռուբեն Բաբայանը պատասխանեց՝ հանդիպումը գոհացուցիչ էր, քանի որ կար հնարավորություն արտահայտվելու և լսելու դիմացինի խոսքը։

«Ամենակարևոր բանը, որը կարող եմ արձանագրել հանդիպումից, որպես երկկողմանի համաձայնություն, այն է՝ ասացինք, որ ուզում ենք տեսնել Մշակույթի նախարարություն և նախարար, որպես մեր ներկայացուցիչը Կառավարությունում, այլ ոչ թե Կառավարության ներկայացուցիչը մշակույթում։ Քանի որ առ այսօր շատ երկար ժամանակ Մշակույթի նախարարությունը կատարում է Ֆինանսների նախարարության ստորաբաժանման դերը, և անում են բաներ՝ հաշվի չառնելով ոլորտի ներկայացուցիչների կարծիքները։ Նազենի Ղարիբյանը ևս արձանագրեց, որ ինքը ևս ցանկանում է և ամեն ինչ անելու է, որպեսզի Կառավարությունում լինի մեր ներկայացուցիչը։ Այժմ մնում է, որ այս ամենը գործ դառնա և ստանա միս ու արյուն»,- նշեց Ռ. Բաբայանը։

Հանդիպման ընթացքում Ռուբեն Բաբայանն առաջարկել է նաև, որպեսզի Մշակույթի նախարարությունը սկսի աշխատել մեկենասության և հովանավորչության օրենքի վրա, սակայն վախենում է, որ այդ փաստաթուղթը կրկին կանհայտանա, և որևէ բարեփոխում տեղի չի ունենա։

Ռուբեն Բաբայանը հույս հայտնեց, որ հանդիպման ընթացքում հնչեցրած առաջարկները հաշվի կառնի Մշակույթի նախարարությունը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս