«Վերելակային դիվանագիտությունն» ապրել է իր «վերելքը», բայց այն ունենալու է նաև իր վարէջքը»». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ 2018 թվականի Կառավարության ծրագրում խոստումներ կային, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա Արցախի հիմնախնդրի բանակցային կողմ։ Սակայն Կառավարության կատարողականում այս ամենի հետ կապված որևէ առաջընթաց նա չի տեսնում։
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է հանրային քննարկումների դաշտում կենդանի պահել այս խոսոտւմը, այդուհանդերձ այս ընթացքում ընդունված որևէ հայտարարության մեջ՝ այս ընթացքում երեք արտգործնախարարական և երեք երկրների նախագահների մակարդակով տեղի ունեցած, այս թեման մեկ թիզ անգամ առաջ չի գնացել։
Արցախյան հարցի կարգավորման գործում կա երկրորդ կարևոր խնդիր՝ այս մեկ տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ 2018 թվականի փետրվարին են իրենց պաշտոնական հայտարարությունների մեջ անդրադարձել Վիեննային, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորությանը։ Գործող իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական որևէ հայտարաությունում անդրադարձ չկա Վիեննային, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։
Հիշեցնեմ, որ այս պայմանավորվածություններն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էին՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո»,- ասաց Ա. Աշոտյանը՝անդրադառնալով ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրի հաշվետվությանը։
Նրա դիտարկմամբ, այս ամենից հրաժարվելը նշանակում է՝ ակամայից աջակցել Ադրբեջանի մաքրման գործընթացին՝ Ապրիլյան պատերազմի պատասխանատվության համար։ Այս ամենը կարևորագույն բացթողումներից մեկն է, քանի որ այդ թեզը նախորդ տարվա փետրվարից հետո որևէ տեղ իր արտահայտումը չի գտել, այդ պարտավորությունների մասին չեն խոսում անգամ հրապարակային դաշտում։
Ըստ նրա, ՀՀ վարչապետն այդ պարտավորությունների կատարմանը հպանցիկ անդրադարձել է մեկ անգամ՝ Բրյուսելում, սակայն այդ ժամանակ վարչապետի տեքստն ամենավերջում է փոխվել՝ որպես արձագանք Ալիևի հայտարարությանը։
«Մինսկի խումբն իր հայտարարություններում այս թեման չի արծարծում, պաշտոնական Երևանը խուսափում է շեշտադրում անել այս պարտավորությունների կատարման վրա։ Փոխարենը՝ այս հաշվետու ժամանակահատվածում «վերելակային դիվանագիտությունն» ապրել է իր «վերելքը» և, ինչպես ամեն մի վերելակ, ակնկալվում է, որ այդ «վերելակային դիվանագիտությունն» ունենալու է նաև իր վարէջքը։ Մամուլը լի է տեղեկատվությամբ, որ որևէ իրավական հիմք չունեցող, չպարտավորեցնող Դուշանբեի պայմանավորվարծությունը հանգեցրել է նրան, որ հայկական երկու կողմերը պահում են այդ պայմանավորվածությունը, այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ամրացնում են առաջնագիծը»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա նաև նկատեց, որ այս ընթացքում նոր իշխանությունները միջազգային հանրության մոտ ստեղծել են չհիմնավորված դրական ակնկալիքներ՝ կապված բանակցային գործընթացի հետ։ ՄԱԿ-ում, ԵՄ-ում, Եվրոպայի խորհրդում, Մինսկի խմբի համանախագահ երկրներում ամիսներ շարունակ անհասկանալի պոզիտիվ ակնկալիքներ են շրջանառվում՝ Արցախի հարցի լուծման հեռանկարների և ժամկետների հետ կապված։
«Այս չհիմնավորված լավատեսության հիմքում, հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ընկած։ Միջազգային հանրության մոտ ձևավորված այդ լավատեսությունը որևէ իրական, քաղաքական հիմք չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հետևողականորեն ժխտում է այն, որ Ալիևի հետ իր հանդիպումներում ունեն որևէ օրակարգ՝ Արցախի հարցի լուծման հեռանկարների հետ կապված։ Ինչպես գիտեք, վերջերս նա հայտարարել է, որ Ալիևի հետ հերթական հանդիպումը լինելու է առանց օրակարգի»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան