«Ադրբեջանը սահմանին որոշակի ակտիվություն է դրսևորում». Տիգրան Աբրահամյան
Հարցազրույց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ
– Պարոն Աբրահամյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ առաջարկությունը, դրական են գնահատել շփման գծում զոհերի թվի շարունակական նվազումը, և այլն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է նրանց հայտարարության գլխավոր մեսիջը։
– Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը կարևոր է հենց միայն այն տեսանկյունից, որ ենթադրելի է՝ նվազագույնը խնդիր ունի թույլ չտալու իրավիճակի կտրուկ սրացումներ:
Երկրորդ, բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերի բացակայությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել, և սպասելիքներն այդ հանդիպումից պայմանավորված են կողմերի միջև բանակցությունների վերսկսման հիմքերի ձևավորման հեռանկարով:
Այս շրջափուլի համար միջնորդներն իրենց նվազագույն խնդիրը լուծել են՝ նախապատրաստում են երկու երկրների ղեկավարների հանդիպումը:
– Նիկոլ Փաշինյանն Իրանում ևս կրկնեց իր դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Դրանից հետո Բաքուն հայտարարեց, որ չի ընդունում Փաշինյանի առաջարկն ու համաձայն չէ բանակցային ֆորմատը փոփոխել, հետևանքների համար էլ պատասխանատու է հայկական կողմը։ Մյուս կողմից՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք:
– Այն, որ Ադրբեջանը փորձելու էր բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերի ձախողումը բարդել հայկական կողմերի վրա՝ սպասելի էր:
Սակայն կարծում եմ՝ միջնորդ երկրների համար ակնհայտ է, թե ո՞վ է իրականում ձախողում, և կողմերից ո՞վ ինչի՞ է նախապատրաստում:
Միանշանակ կարևոր եմ համարում ՀՀ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը, սակայն հավելյալ մեկնաբանության կարիք չեմ տեսնում. ամեն ինչ շատ հստակ է ասված:
Որպես սպա՝ միայն կարող եմ ասել, որ անհրաժեշտ մեսիջները՝ համազգեստ և ուսադիրներ կրող մարդու միջոցով, Արցախում ապրող մարդուն փոխանցելը շատ ծանրակշիռ դեր ունի:
– Ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում:
– Արցախի պաշտպանության բանակի կողմից ամենշաբաթյա համառոտ ամփոփագրի նույնիսկ մակերեսային վերլուծությունն ու նախորդ շաբաթների նույնաբովանդակ հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտումները՝ կրակոցների թվի առումով, այս շաբաթ միջինը 40%-ի աճ են արձանագրել:
Չէի ցանկանա միայն այս շաբաթվա ամփոփագրի վերաբերյալ խորքային գնահատականներ հնչեցնել, ամեն դեպքում պետք է արձանագրել, որ այնուամենայնիվ վերջին ժամանակներս իրավիճակի որոշակի փոփոխությունը կա՝ դեպի ակտիվացում:
– Մինչդեռ ՄԽ համանախագահները նաև ողջունել են տարածաշրջանում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ քննարկումների ակտիվացումը: Ադրբեջանական կողմից դուք նկատե՞լ եք նման ակտիվացում։
– Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը երբեք էլ լուրջ չի ընդունել միջազգային հանրության կողմից ուղղված կոչերն ու հորդորները, ինչի արդյունքը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններն էին: Ավելին, համոզված եմ, որ Ադրբեջանը ճիշտ հակառակն է անում՝ դրանով իսկ տապալելով խաղաղ բանակցությունների միջոցով ինչ-որ արդյունքի հասնելու՝ միջնորդների ջանքերը: